Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի արդարադատության վերականգնման արդյունավետ մեխանիզմներով. Ջոն Ինյարիտու
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության միայն ճանաչումը բավարար չէ, այդ ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, որպեսզի «այլևս երբեք» բառերն իրական իմաստ ստանան։
Իսպանացի պատգամավորը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը՝ նկատեց, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես է եղել բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գրանցված առաջընթացին։
«Դա դանդաղ գործընթաց էր, բայց վճռական, կարևոր քայլ դեպի պատմական ճշմարտություն՝ շատ երկար լռությունից հետո: Չմոռանանք, որ հենց այս վայրագությանն ի պատասխան էր, որ «ցեղասպանություն» տերմինը ստեղծեց Ռաֆայել Լեմկինը՝ անուն տալով այդ վայրագությանը: Մարդկությունն այսկերպ իրավական դաշտում հետագա վայրագությունները կանխելու հնարավորություն ունեցավ: Այնուամենայնիվ, երկու հարց շարունակում է մնալ խորապես մտահոգիչ. ավելի քան մեկ դար անց, մարդկության դեմ հանցագործությունները, բռնի տեղահանումները և էթնիկ զտումները շարունակվում են աշխարհի տարբեր մասերում, որոնք հաճախ կատարվում են միջազգային հանրության աչքի առաջ, որը շատ հաճախ պասիվ է մնում»,-նշեց Ինյարիտուն:
Պատգամավորի համար մտահոգիչ է նաև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկված և իրենց հայրենիքից վտարված հայ բնակչության թեման: Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում շարունակում է մնալ հալածանքի և տեղահանման թիրախ։
«Դրա ողբերգական դրսևորումն արցախցի հայերի վերջին բռնի հեռացումն է: Այս իրողությունները ցույց են տալիս, որ միայն ճանաչումը բավարար չէ. այն պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, եթե ցանկանում ենք իրական իմաստ տալ «այլևս երբեք» բառերին»,-շեշտեց Ջոն Ինյարիտուն: