շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական կողմը բանակցություններում ճնշման մեկ լծակ ունի. Թոմաս դե Վաալ

Հայկական կողմը բանակցություններում ճնշման մեկ լծակ ունի. Թոմաս դե Վաալ

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր» եզրույթը խաբուսիկ է, քանի որ խոսքը միայն շրջանակային համաձայնագրի մասին է, որտեղ կլինեն ընդհանուր բառեր, գուցե մեկ էջով, որը հիմք կդառնա բանակցությունների համար։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարեց Քարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ Թոմաս դե Վաալը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է Մոսկվայից եւ Բաքվից։ 

Նա ենթադրեց, որ կուլիսային բանակցություններ են ընթանում, որոնց մասին քիչ տեղեկություններ կան։

«Իհարկե, Արեւմուտքից կոչեր եղան Լաչինի միջանցքում ճանապարհը բացելու անհրաժեշտության մասին, բայց ամեն ինչ կախված է Լեռնային Ղարաբաղի եւ առաջին հերթին Ռուսաստանի նկատմամբ Բաքվի պահանջներից։ Ադրբեջանի կողմից պահանջներ կան ճանապարհի ռեժիմի եւ թափանցիկության վերաբերյալ։ Կարծում եմ, որ այդ հարցը կարելի է լուծել, բայց կա Ալիեւի ավելի հավակնոտ օրակարգ տարբեր հարցերի շուրջ։ Ընդհանուր ըմբռնում կա, որ Լեռնային Ղարաբաղը չի դառնա անկախ պետություն, որ ահա այս հարցն արդեն փակված է 2020թ. պատերազմով, սա ԵԱՀԿ ՄԽ սկզբունքների վերջն է։ ԵՄ-ում հասկացողություն կար, որ նման պայմանագիրը կարող է լինել գործընթացի սկիզբ, որտեղ քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի բնակչության այսպես կոչված  իրավունքներն ու երաշխիքները, գուցե նկատի ունեն ռուսական առաքելության փոխարինումը միջազգային առաքելությամբ՝ ԼՂ բնակչության հարցում Բաքվի կողմից երաշխիքով։

Սակայն ներկայիս իրավիճակում դա հնարավոր չէ, քանի որ շրջանակային համաձայնագիրը հնարավոր է բարի կամքի մթնոլորտում։ Բացի այդ, այն հարցը, թե որ երկրները կարող են ստանձնել միջազգային առաքելության դերը Լեռնային Ղարաբաղում, առանցքային է եւ բարդ։ Միջազգային առաքելությունը հարցի տրամաբանական լուծումն է, բայց ռեսուրսներ այս պահին չեմ տեսնում, Բաքուն դա էլ չի ուզում։ Մի փոքր հույս կար Բրյուսելում, որ Ալիեւ-Փաշինյան երկկողմ հանդիպումների ժամանակ կարելի էր հասնել դրան, եւ այս իրավիճակում հայերը գուցե ընդառաջեն Նախիջեւանի հետ տրանսպորտային հաղորդակցությանը։ Միակ լծակը, որ մնում է հայերի մոտ, դա տրամադրելուց հրաժարվելն է։  Բրյուսելում նրանք մոտ էին համաձայնության։ Կարծում եմ՝ այնտեղ սկզբունքային խնդիրներ չեն եղել, բայց հայկական կողմը վախենում է, որ եթե համաձայնություն տան, իրենց վերջին խաղաքարտը կխաղարկվի։

Փաշինյանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը չի բաժանվի Ադրբեջանից, բայց կարգավիճակի եւ, որ ավելի կարեւոր է, անվտանգության երաշխիքի հարցը կլուծվի ապագայում։ 

Ալիեւը, ինչպես եւ 2020 թվականին, ընտրեց պահը՝ մտածելով, որ աշխարհը մտահոգված է այլ խնդիրներով, տվյալ դեպքում՝ Ուկրաինայով, որ Ռուսաստանը թուլացել է, եւ նա ու Արեւմուտքը ռեսուրսներ չունեն Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին բավարար ուշադրություն դարձնելու համար։ Ալիեւն անհանգստացած է նաեւ ապագայում ամենակարեւոր դաշնակցի՝ Էրդողանի հեռանալուց։ Դա է պատճառը, որ ճգնաժամները տեղի են ունենում հենց հիմա»,-նշեց փորձագետը։

  • Կիսվել: