Հայկական կողմի համար այս պահին անընդունելի որևէ առաջարկներ չեն հնչել և՛ ԵՄ-ից, և՛ ռուսական կողմից. Արթուր Հովհաննիսյան
«Հայկական կողմը գնում է իր օրակարգով: Բնականաբար ես վստահ եմ, որ գործընկեր Ռուսաստանի կողմից կլինեն որոշակի դիտարկումներ, առաջարկներ իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ, բնականաբար Ադրբեջանի կողմից էլ ինչպես բոլոր բանակցություններում հնչում են ամենատարբեր առաջարկներ: Այդ առաջարկները կքննարկվեն, բայց ես ուզում եմ, որ մենք մեր ուշադրությունը կենտրոնացնենք հայկական կողմի առաջարկների և օրակարգի վրա»,- անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը Factor.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը::
Խոսելով ԵՄ-ից և Ռուսաստանից հնչող առաջարկների մասին՝ պատգամավորն ասաց. «Որոշակի պայմանավորվածություններ ձեռք են բերվել ԵՄ-ի կողմից Պրահայում կազմակերպված բանակցությունների ընթացքում, հնարավոր է, որ նաև այդ հարցերին անդրադարձ լինի, որովհետև դրանք վերաբերում են առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Եթե կլինեն նոր առաջարկներ, այդ նոր առաջարկներն ինչպես միշտ կքննարկվեն:
Մենք ունենք մի իրավիճակ, երբ երկու կողմից էլ լինում են առաջարկներ, բայց այլ հարց է, թե այդ առաջարկներին օրինակ Ադրբեջանը համաձայնում է, թե՝ ոչ: Մենք դրանք քննարկում ենք: Որոշակի տարբերություններ երկու կողմից հնչող առաջարկների մեջ կան, բայց հայկական կողմի համար այս պահին անընդունելի որևէ առաջարկներ, ըստ էության, չեն հնչել և՛ ԵՄ-ից, և՛ ռուսական կողմից։ Մենք դրանք քննարկում ենք: Որոշակի տարբերություններ երկու կողմից հնչող առաջարկների մեջ կան, բայց սրանք կարևոր չեն այն համատեքստում, որ դեռ հարց է Ադրբեջանն արդյոք համաձայն է այդ առաջարկների հետ, թե՝ ոչ»:



