Հայկ Սարգսյանը միակը չէ, որ խոսում է անօրինականությունների մասին. Արմեն Խաչատրյան
Եղել են որոշակի հանգամանքների ներկայացում Հայկ Սարգսյանի կողմից. այդ հանգամանքները ինչպե՞ս պետք է պարզվեն, համապատասխանում են օբյեկտիվ իրականությանը, թե չեն համապատասխանում, թե մասամբ են համապատասխանում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ–ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը սկանդալային մեղադրանքներ է հնչեցրել, որոնց թելերը ընդհուպ տանում են դեպի Նիկոլ Փաշինյան։
«Միակ պարզելու ձևը իրավական գնահատական տալն է, փաստեր և ապացույցներ հավաքագրելն է։ Եթե այդ ասածների մեջ կան առերևույթ հանցագործության հատկանիշներ, իհարկե, այդ ասածները արդեն հայտնվում են իրավապահների դաշտում։ Վարչապետը այդ իմաստով ասել է, որ այլևս դա կուսակցական քննարկման առարկա չէ, ներքին քննարկման առարկա չէ, դա քննարկման ենթակա է իրավապահների դաշտում։ Դուք գիտեք, որ որևէ կաշկանդվածություն չկա, թիմի անդամ, թե թիմի անդամ չէ»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ քանի դեռ իշխանության կողմից անօրինականությունների ու կոռուպցիոն դրսևորումների մասին չեն խոսում, գործեր չեն հարուցվում, իսկ երբ Հայկ Սարգսյանը խոսեց իշխանության դեմ, քրգործ հարուցվեց, ՔՊ խմբակցության պատգամավորն ասաց. «Նախ, կեղծ, փոխարինված համարանիշով մեքենայի վարման փաստով քրեական գործ կա, այն ավարտվել է, դատապարտված անձ կա։ Այդ անօրինականությունների և ինքնաքննադատությունների մասին Հայկ Սարգսյանը միայն միակ մարդը չէ, որ խոսում է։ Մենք բոլորս էլ խոսել ենք առերևույթ այն իրավիճակների կամ ապօրինությունների մասին, որոնք մենք տեսել ենք»։
Հարցին՝ ՔՊ–ում քննարկվելո՞ւ է Հայկ Սարգսյանի կուսակցությունից հեռացնելու հարցը, թե ոչ, ԱՐմեն Խաչատրյանն արձագանքեց. «Չեմ կարող ասել, բայց եթե իմ կարծիքով թեման արդեն իրավապահների դաշտում է, ես կարծում եմ, որ պետք է սպասել իրավապահների արձագանքին և կայացված որոշումներին։ Գուցե դրանից շուտ էլի քննարկվի այլ հանգամանքներով, այլ կարգապահական բնույթի թեմաներով»։
Նա անդրադարձավ նաև հայտարարություններին, թե Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու կալանավորումը ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ. «Նախ, Քոչարյանի ապօրինի գույքի հրապարակումը արդեն բոլոր տեսակի կասկածները փարատում է։ Քոչարյանը այդպիսի աշխարհաքաղաքական ֆիգուր չէ, որին բանտարկելով ինչ-որ աշխարհաքաղաքական հարց ենք լուծում։ Ինքը ուղղակի շատ մեծահարուստ է և այդ հարստության մեծ մասը ապօրինի է և հիմա գնում են իրավական պրոցեսներ այդ ապօրինի ձեռք բերված գույքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ։ Դատական պրոցեսներ են, այդ հիմնավորված է որ ապօրինի գույքի բռնագանձման ստորաբաժանումը ներկայացրել է, կտեսնենք, թե ինչքանով է հիմնավոր։ Իրենց մի քանի միլիարդի գույքը չի բռնում իր ստացած աշխատավարձի հետ»։



