հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, գործնականում էլ դա այդպես է. Արմեն Գրիգորյան

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, գործնականում էլ դա այդպես է. Արմեն Գրիգորյան

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբեք չի հանդիսացել տարածքային, և այն կոնցեպտը, որի շուրջ երկար ժամանակ ընթանում են բանակցությունները, այսինքն՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները, վերաբերում են ոչ թե տարածքներին, այլ մարդկանց և նրանց իրավունքներին ու անվտանգությանը»:

Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Գործնականում էլ դա այդպես է: Եվ միակ քննարկումը, որ մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա, Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ: Եվ այս առումով, կարծում եմ, եթե առաջընթաց գրանցվի, տարածքային որևէ խնդիր չի եղել և չի էլ լինի»,- ընդգծել է նա:

Արմեն Գրիգորյանն այդ բանակցությունները դիտարկում է որպես միակ արդյունավետ տարբերակ՝ ԼՂ հիմնախնդրի հիմնական կետերը երկարաժամկետում հասցեագրելու համար:

«Կարծում եմ, որ առկա է միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն: Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքերի գործադրում միջազգային հանրության, Ստեփանակերտի ու Բաքվի կողմից, որպեսզի կայանա այդ միջազգային մեխանիզմը, քանի որ միջազգային մեխանիզմը միակ տարբերակն է, որ կայունություն լինի տարածաշրջանում, և միջազգային հանրությունը ներգրավված լինի կոնֆլիկտի հաղթահարմանը: Դժվար եմ պատկերացնում առանց միջազգային հանրության ներգրավման կոնֆլիկտի հաղթահարումը»,- ասել է նա:

Ըստ հայ բարձրաստիճան պաշտոնյայի՝ միջազգային մեխանիզմներ ասելով՝ առաջին հերթին Երևանը պատկերացնում է «բանակցություններ, որոնք տեղի են ունենում Ստեփանակերտի և Բաքվի միջև, և որին ներկա է միջազգային հանրությունը»: Միջազգային հանրության ներկայությունն այդ բանակցություններին արդեն իսկ միջազգային մեխանիզմի տրամաբանությունն է:

Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն հենց այդ սեղանի շուրջ, պնդում է Գրիգորյանը. «Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայությունն այս առումով շատ արդյունավետ կլինի, որովհետև անվտանգությունն ու երաշխիքների ստեղծումն առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի»:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ընթանում են ակտիվ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում, Բրյուսելու և Մոսկվայում: «Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»,- նկատել է նա:

  • Կիսվել: