երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին

Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները, Միրզոյանը, պատասխանել է․

«Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված,  կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի:

Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով ապագա սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: