շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. Փաշինյան

Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. Փաշինյան

Միավորված ազգերի կազմակերպությանը՝ ՄԱԿ-ին, Հայաստանի անդամակցության և Դիվանագետի օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով բոլոր դիվանագիտական ծառայողներին, ասել է, որ Հայաստանի դիվանագիտության առաջնային խնդիրը պետք է լինի Հայաստանն ու Հայաստանի խոսույթը ավելի հասկանալի դարձնելն աշխարհին և աշխարհն ու աշխարհի խոսույթն էլ՝ ավելի հասկանալի դարձնել Հայաստանին: 

Նա նշել է, որ  այսօր իրապես նշանակալի օր է Հայաստանի համար, քանի որ ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. մարտի 2-ին, Հայոց եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան պետությունների ընտանիք Հայաստանի վերադարձի առհավատչյա:

՛՛Այս տասնամյակների ընթացքում դիվանագիտական ծառայությանը անցած ճանապարհը հարթ և դյուրին չի եղել բազմաթիվ պատճառներով: Հայաստանը գտնվում է բարդագույն մի տարածաշրջանում, որտեղ հաճախ բախվում են աշխարհաքաղաքական շահեր, մեր երկիրը դնելով հակասությունների եւ հակադրությունների կիզակետում: Եւ այս առումով Հայաստանի դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրն է՝ Հայաստանը եւ Հայաստանի խոսույթը ավելի ու ավելի հասկանալի դարձնել աշխարհին, եւ աշխարհն ու աշխարհի խոսույթը ավելի ու ավելի հասկանալի դարձնել Հայաստանին:

Ու քանի որ աշխարհը միաշերտ եւ միատարր չէ, այլ չափազանց բարդ խնդրի լուծումը ավելի է բարդանում: Բայց հենց այս աշխատանքն է, որ պիտի օգնի Հայաստանի Հանրապետության պետական շահերի առաջմղմանը եւ ուզում եմ ասել, որ հավատում եմ, որ մեր համատեղ աշխատանքի եւ բարեփոխումների արդյունքում մենք կկարողանանք լավագույնս իրագործել այս խնդիրը՛՛,-ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին, այսինքն՝ Հայաստանը ավելի լավ պիտի հասկանա աշխարհը, եւ սա ունի մի շատ գործնական նպատակ, բազմապատկել, բարելավել բնականոն զարգացման հնարավորությունները, ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը:

Ելույթով հանդես է եկել նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա անդրադարձել է ոչ միայն Հայաստանի անկախացման և ՄԱԿ-ին անդամակցման իրադարձությունների պատմական նշանակությանը, այլև հայ դիվանագետի և հայկական դիվանագիտության դերին ու նշանակությանը պետության արդի մարտահրավերներին դիմագրավելիս:

Միրզոյանը, մասնավորապես, նշել է. ՛՛44-օրյա պատերազմից հետո, այսօր ստեղծված իրավիճակում, երբ աշխարհը արագորեն փոխվում է, և Հայաստանի առաջ ծառացած են լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարծում եմ՝ մենք, հարգելի դիվանագետներ և գործընկերներ, պարտավոր ենք նախ և առաջ բացել մեր միտքը, ապա և աշխատել ուժերի գերլարմամբ և ծայրահեղ կարգապահությամբ՝ Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը վերականգնելու, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն կառուցելու, դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունները ավելի խորացնելու, մյուսների հետ մեր ունեցած խնդիրները արժանապատվորեն հարթելու, Արցախի հայության իրավունքները պաշտպանելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, նրա մանդատի ներքո և բոլորին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու, մեր ինքնիշխանությունը ամրապնդելու, ընդհանուր առմամբ մեր Հայրենիքի կենսական շահերը սպասարկելու, նրան իսկապես ծառայելու համար՛՛:

 

  • Կիսվել: