ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հայաստանը պետք է արհեստական բանականության կիրառության կարգավորումներ մշակի՝ չսահմանափակելով տեխնոլոգիայի զարգացումը. ԲՏԱ նախարար

Հայաստանը պետք է արհեստական բանականության կիրառության կարգավորումներ մշակի՝ չսահմանափակելով տեխնոլոգիայի զարգացումը. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում այսօր մասնակցել է «Արհեստական բանականություն. նոր զարկ զարգացող շուկաների համար» թեմայով պանելային քննարկմանը՝ կարևորելով արհեստական բանականության թեմայով քննարկումները: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։

«Արհեստական բանականության մասին խոսելիս ներկաներին հիշեցրել եմ հայտնի ասույթը՝ մեդալը երկու կողմ ունի: Մի կողմից ԱԲ-ն մեզ կարող է առաջարկել նորարար հնարավորություններ և լուծումներ՝ տնտեսության բոլոր ճյուղերի համար, որոնք կբարելավեն կենսակերպը, կապահովեն թռիչքային զարգացում, մյուս կողմից պետք է արձանագրել, որ այս տեխնոլոգիան իր հետ բերում է ռիսկեր ու նոր մարտահրավերներ:
 
Առանձնացրել եմ նաև ՀՀ կառավարության կողմից արհեստական բանականության ներուժն առավելագույնս օգտագործելու, ոլորտը զարգացնելու ուղղությամբ իրականացվող ջանքերը: Հայաստանը ձգտում է ոչ միայն մասնակից լինել այս գործընթացներին՝ այլ նաև արհեստական բանականության ոլորտում աշխարհում իր ուրույն տեղն ունենալ:
 
Անդրադառնալով մարտահրավերներին՝ խոսել եմ արհեստական բանականության ռազմականացման վտանգների ու ծանր հետևանքների, դրանց կանխարգելման, ոլորտային մենաշնորհի ձևավորմանը խոչընդոտելու, դիփ-ֆեյք կոնտենտի, կիբեռանվտանգային ռիսկերը կառավարելու կարևորության մասին, ներկայացրել ՀՀ կառավարության կողմից միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
 
Եվ այսպես, Հայաստանը պետք է արհեստական բանականության կիրառության կարգավորումներ մշակի՝ միևնույն ժամանակ չսահմանափակելով տեխնոլոգիայի զարգացումը»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: