հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը պատրաստ է իրադրությունը զարգացնել՝ մինչև ամբողջ սահմանի երկայնքով ոչ ադրբեջանական, ոչ հայկական օկուպացված տարածքներ չլինեն. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է իրադրությունը զարգացնել՝ մինչև ամբողջ սահմանի երկայնքով ոչ ադրբեջանական, ոչ հայկական օկուպացված տարածքներ չլինեն. Փաշինյան

Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում, որ 2021 թվականի մայիսից առաջ էլ կան տարածքներ, որոնք օրինակ՝ Հայաստանը «օկուպացրել», է և իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս կապակցությամբ ես նախկինում հրապարակային չեմ խոսել, բայց ես ուզում եմ հիմա ասել մեր դիրքորոշումը: Մենք ասում ենք, շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա՝ ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, որտեղի՞ց որտեղ պետք է գնա: Այսինքն, մենք եթե հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է Հայաստանի համար լինել շատ ընդունելի խոսակցություն: Եթե մենք վերցնում ենք Խորհրդային միության սահմանը, եթե օրինակ Ադրբեջանը ասում է, որ Հայաստանը օրինակ՝ հյուսիս-արևելքում «օկուպացիայի» տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է, որ այդտեղ ինչ-որ տարածքային բաժանում կա, գիծ կա: Ասում ենք, շատ լավ, ցույց տվեք մեզ գիծը, ցույց տվեք քարտեզը և դա կարող է լինել հետաքրքիր: Մենք չենք մերժում դա, որովհետև հենց այդ նույն տարածքներում հայկական 4 գյուղերի տարածքների մեծամասնությունն օկուպացված է: Օրինակ, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, օկուպացված է Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողերը: Մենք ասում ենք՝ ցույց տվեք սահմանի գիծը և ասեք, թե այդ սահմանի ձեր ցույց տված գիծն ինչ իրավական հիմնավորում ունի»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով, այդ դեպքում Հայաստանը պատրաստ է իրադրությունը զարգացնել՝ մինչև ամբողջ սահմանի երկայնքով ոչ ադրբեջանական, ոչ հայկական օկուպացված տարածքներ չլինեն:

«Մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումներին և ես այդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել ինձ վրա»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: