շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը․ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը․ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը եւ խաղաղության պայմանագրին։

«Մինչդեռ Հայաստանն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է՝ մեջբերում եմ. «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա:

Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների: Մեջբերման ավարտ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ, և որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում և տարածքային ամբողջականություն։

«Համանախագահների այս հայտարարությունը, այսպիսով, ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը ողջունել է այս հայտարարությունն ու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին: Ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նախանշված ֆորմատով և բովանդակությամբ։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն, անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: