հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Հայաստանը պատրաստ է ակտիվացնել փոխգործակցությունն Իսրայելի հետ. Վարդանյան

Հայաստանը պատրաստ է ակտիվացնել փոխգործակցությունն Իսրայելի հետ. Վարդանյան

Հայաստանի եւ Իսրայելի ժողովուրդներին միմյանց կապում են դարերի խորքից եկող պատմամշակութային կապերը, ճակատագրերի նմանությունը, որոնք կարեւոր նախադրյալներ են փոխգործակցության համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոել Լիոնի հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ առկա է համագործակցության զարգացման ներուժ:

«Հայաստանը պատրաստ է ուսումնասիրել երկու երկրների միջեւ համագործակցության հնարավորությունները եւ ակտիվացնել երկխոսությունն ու փոխհամագործակցությունը: Վստահ ենք, որ հետեւողական հաղորդակցությունը եւ անկեղծ երկխոսությունը կնպաստեն մեր հարաբերությունների զարգացմանը»,- նշել է Ծովինար Վարդանյանը: Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբերի ձեւաչափով համագործակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների առավել զարգացման եւ երկկողմ փոխգործակցության արդյունավետության համար:

Դեսպան Ջոել Լիոնը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ անկեղծ երկխոսության համար՝  կարեւորելով խորհրդարանական  փոխհամագործակցության ակտիվացումը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 27-ին:

  • Կիսվել: