Հայաստանը պատրաստ չէ ԵԱՏՄ-ից դուրս գալուն․ Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանի համար մանևրելու ժամանակն ավարտվել է։ Սեպտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ Փաշինյանը Վաշինգտոնում ու Մոսկվայում, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումներում տարբեր բաներ է խոսել ու խոստացել, իսկ հիմա նրան ասում են՝ կողմնորոշվի՛ր։ «Չեմ կարծում, թե կկարողանա։ Արդյունքում երկիրը կանգնած է բարդ ընտրության առջև»,- արձանագրել է Սաղաթելյանը։ Պատգամավորը հիշեցրել է, որ նախընտրական շրջանում դաշինքը ժողովրդին ասում էր, թե Փաշինյանը տնտեսության հետ անելու է նույնն, ինչ անվտանգության հետ։ «Հայաստանը պատրաստ չէ ԵԱՏՄ-ից դուրս գալուն, դա ծանր հետևանքներ է ունենալու։ Եթե գազի գինը բարձրանա, դա շատ ծանր հարված է լինելու Հայաստանի համար»,- ընդգծել է պատգամավորը՝ հեգնանքով հիշեցնելով իշխող ուժի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե գազի թանկացման դեպքում Հայաստանը կբարձրացնի ռազմաբազայի վարձակալության վճարը։ «Սա նույնպես արկածախնդրություն է։ Իսկ հետո արագ կասեն, թե պատրաստ են գազ գնել Ադրբեջանից։ Ի դեպ, եթե Հայաստանի գործող իշխանություններն Ադրբեջանը դիտարկում են որպես էներգակիրների մատակարարման այլընտրանքային աղբյուր, դրանով ամեն ինչ ասված է․ ինչպե՞ս կարող են թշնամական պետությունները՝ մեր պետության սպառնալիքը, ռազմավարական նշանակության ապրանքների մատակարարման այլընտրանքային աղբյուր դառնալ»,- հայտարարել է Սաղաթելյանը։



