Հայաստանը պատարաստ է եղել դադարեցնել պատերազմը. Ռուբինյան
Հայաստանը պատարաստ է եղել դադարեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշել, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ հոկտեմբերի 19-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է պատերազմը դադարեցնելու հարցը՝ շրջանների հանձնմամբ, հոկտեմբերի 19-ին Հայաստանը համաձայնվել է դրան, սակայն Ադրբեջանն առաջ է քաշել նոր պայման՝ փախստականների վերադարձ Շուշի, ինչն անընդունելի էր։
«Նախ պետք է հիշեցնեմ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում երեք անգամ հրադադարի պայմանավորվածություն է եղել` հոկտեմբերի 10-ին, որը Մոսկվայում տեղի ունեցավ, բայց չպահվեց: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը չէր պատրաստվում պահել հրադադարը: Հաջորդը եղավ հոկտեմբերի 16-ին արդեն Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, կրկին չպահվեց, հաջորդը արդեն հոկտեմբերի 26-ին էր ԱՄՆ-ում, որը կրկին չպահվեց»,- ասաց Ռուբինյանը:
«Անվտանգության խորհրդի նիստին հնչել են մտքեր, որ կարելի է դիտարկել ռուսական առաջարկների հիման վրա (նկատի չունեմ նոր առաջարկներ) պատերազմը դադարեցնելու հարցը, այսինքն` շրջանների հանձնմամբ: Հոկտեմբերի 19-ին Հայաստանը համաձայնել է դրան: Իսկ թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, որովհետև Ադրբեջանը առաջ է քաշել նոր պայման, որ պետք է նաև տեղի ունենա փախստականների վերադարձ Շուշի: Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների, Արցախի վերջնական կարգավիճակի հետ կապված մեխը մարդիկ են, մարդիկ են որոշում Արցախի կարգավիճակը: Ունենալ առանց միջանկյալ կարգավիճակի Արցախ, որում կա Շուշի, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, պրակտիկորեն կնշանակեր՝ ոչ հայկական վերահսկողությամբ Շուշի: Հայաստանը պատերազմի ընթացքում բազմիցս փորձել է կանգնեցնել պատերազմը, և ամեն անգամ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի պատճառով, ոչ թե Հայաստանի»,- եզրափակեց Ռուբինյանը:



