շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում հիմնական դեր խաղաց. Շոյգուն՝ Պուտինին

Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում հիմնական դեր խաղաց. Շոյգուն՝ Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: 

Ինչպես նշվում է՝ Շոյգուն ընդգծել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է խաղար հիմնական դերը բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում, և այդ ամենն արվել է. ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում են տեղակայվել ժամանակին ու շատ կարճ ժամանակում հսկողության տակ են վերցրել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ:

Խոսելով այն մասին, թե ինչ օբյեկտներ են դրանք, Շոյգուն ասել է. ՛՛Դրանք կապի, էներգետիկայի, պետության կենսագործունեության ու գործունակության ապահովման համար պատասխանատու օբյեկտներ են: Այդ թվում, Ղազախստանի ղեկավարության խնդրանքով ու Ձեր հանձնարարականով հսկողության տակ են վերցվել մի շարք օբյեկտներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ահաբեկիչների վերահսկողության տակ անցնելու դեպքում՛՛:

Հաղորդվում է նաև, որ, ըստ ՌԴ պաշտպանության նախարարի, այս պահին կառավարումը կայուն է, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն աշխատում են լիարժեք փոխգործակցության պայմաններում:

Նա հավելել է, որ հաստատել են զորքի փուլային դուրսբերման ու օբյեկտները Ղազախստանի հսկողությանը հանձնելու որոշումը:

՛՛Դուրսբերումը սկսվում է այսօր: Վաղը 14 ինքնաթիռներով դուրս ենք հանում մեր գործընկերների՝ Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի խաղաղապահ ուժերը: Պլանավորվում է ամբողջ աշխատանքն ավարտել հունվարի 19-ին՛՛,-հայտնել է նախարարը:

Իր հերթին Վլադիմիր Պուտիննը նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը շատ կարևոր դեր են խաղացել Ղազախստանում իրավիճակի կայունացման հարցում:

՛՛Շատ կարևոր է, որ իրավիճակը կարգավորվեց ՀԱՊԿ օգնությամբ: Սա, ըստ էության, ՀԱՊԿ ուժերի առաջին նման օպերացիան էր: Միացյալ ջանքերով մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք: Կարողացանք արագ կենտրոնացնել բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները, ռեսուրսները: Ամեն ինչ աշխատեց ժամացույցի նման. արագ, կազմակերպված ու արդյունավետ՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: