շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը. Հունաստանի դեսպան

Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը. Հունաստանի դեսպան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ:

«Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար: Հայաստանը բարձր է գնահատում պատմականորեն սերտ հարաբերությունները Հունաստանի հետ՝ որոնց ակունքները վաղեմի են և ամուր՝ հիմնված փոխադարձ խոր համակրանքի, աջակցության և համերաշխության վրա»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօր ավելի են զարգանում և խորանում»: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության լայն օրակարգին վերաբերող հարցեր:

Կարևորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ արվող քայլերը:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես կրթության, ինչպես նաև սպայական կրթության ոլորտներում առկա լավագույն փորձի փոխանակման հետագա խթանման հեռանկարներին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հունաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում և միջազգային այլ հարթակներում առկա սերտ համագործակցության ընդլայնման՝ այդ թվում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: