ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից կարելի է համարել անցած 5 տարվա կտրվածքով «հաջողության օրինակ»․ Թրանսփարենսի ինթերնեշնլ

Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից կարելի է համարել անցած 5 տարվա կտրվածքով «հաջողության օրինակ»․ Թրանսփարենսի ինթերնեշնլ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը:

Այս զեկույցում ամփոփված են 180 երկրների տվյալները: Չնայած պետական այրերի տված խոստումներին՝ 131 երկրներում էական առաջխաղացում չի գրանցվել, 27 երկրներ կոռուպցիայի ընկալման առումով անցած տասնամյակում իրենց ամենացածր միավորներն են գրանցել:
Այս ինդեքսով երկրները կարող են ստանալ 0-ից մինչև 100 միավոր: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան ցածր է կոռուպցիան:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից կարելի է համարել անցած 5 տարվա կտրվածքով «հաջողության օրինակ»:

2017 թվականից սկսած Հայաստանը վաստակել է 14 միավոր և դրանց ընդհանուր թիվը հասցրել է 49-ի:

2021թ․-ի ԿԸՀ-ի Հայաստանի հաշվարկի համար օգտագործված տվյալների աղբյուրների մասին տե՛ս սույն փաթեթի «2021 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները» նյութը։ Հարկ է նշել, որ Հայաստանի ԿԸՀ-ն հաշվարկելու համար օգտագործվել են այն նույն աղբյուրները, ինչ նախորդ՝ 2020 թվականին։ Այդ աղբյուրներն են Բերթելսմանի հիմնադրամի 2022 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (BF (TI)), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2021թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (FH), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2020թ. վարկանիշը (GI), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2021թ. Ուղեցույցը (PRS), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2021 թ-ի հրապարակումը (VDEM) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2020թ. հրապարակումը (WEF): Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012թ․-ից մինչև 2021թ. ընկած ժամանակահատվածում:

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2021 թ. աղյուսակում Հայաստանը Հորդանանի, Հունաստանի և Նամիբիայի հետ կիսում է 58-ից 61-րդ տեղերը (2020 թ.-ին Հայատանը նույնքան միավորով 180 երկրների շարքում կիսում էր 60-ից 62-րդ տեղերը):

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ինչպես և նախկինում, ներառված է Արևելյան Եվրոպա –Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Աղյուսակ 1-ում բերված է Արևելյան Եվրոպա –Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 2021թ. ԿԸՀ դասակարգման աղյուսակը:

Ինչպես երևում է աղյուսակից, տարածաշրջանի19 երկրների շարքում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է 2-րդ տեղը: Այս տարածաշրջանում Հայաստանը, զիջում է միայն իր հարևան Վրաստանին, որի ԿԸՀ 2021թ. արժեքն է 55 (համաշխարհային դասակարգման աղյուսակում կիսում է 45-ից 48-րդ տեղերը):

Նախորդ տարվա պես՝ Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարևաններից՝ Թուրքիայից (38 միավոր` 96-ից 101-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 128-ից135-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր): Գծապատկեր 2-ում ներկայացված են Հայաստանի և հարևան երկրների ԿԸՀ 2012-2021 թթ. արժեքները:

Ինչպես և 2020 թվականին, ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես՝ Բելառուսի 2021 թ. ԿԸՀ արժեքը 41 միավոր է (82-ից 84-րդ տեղեր), Ռուսաստանինը՝ 29 (136-ից 139-րդ տեղեր), Ղրղզստանինը՝ 27 (144-ից 146-րդ տեղեր), իսկ Ղազախստանինը` 37 միավոր (102-ից 104-րդ տեղեր): Գծապատկեր 3-ում բերված են Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների ԿԸՀ 2012-2019 թթ. արժեքները:

  • Կիսվել: