չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին Հայաստանը կարող է դառնալ Հարավկովկասյան "Շվեյցարիա". տնտեսագետ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին Հայաստանը կարող է դառնալ Հարավկովկասյան "Շվեյցարիա". տնտեսագետ

Ճիշտ մանևրելու և պրոակտիվ գործողություններ ձեռնարկելու դեպքում Հայաստանը կարող է շոշափելի տնտեսական օգուտներ ստանալ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի այս ընթացիկ սրացումից և Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցներից: Այդ մասին նշում է տնտեսագետ, ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը:

Նրա խոսքով առաջին հնարավորությունը բացվում է ՏՏ ոլորտում: «Հնարավոր է մեծ թվով ռուս և ուկրաինացի բարձրակարգ մասնագետներ ներգրավել՝ Հայաստանում այս ոլորտում զգալիորեն փակելով տաղանդների պահանջարկի և առաջարկի միջև առկա խզվածքը», - ֆեյսբուքյան իր էջում գրում է Ֆանյանը:

Առևտրի ոլորտում, նրա կարծիքով, Հայաստանը կարող է դառնալ միջնորդ Ռուսաստանի և աշխարհի միջև. «Հայաստանյան տնտեսավարողները կարող են շոշափելի պրեմիում վաստակել ապրանքներ ներմուծելով և վերաարտահանելով ՌԴ, ու այս հնարավորությունը վերաբերում է ոչ միայն ԵՄ-ՌԴ, ԱՄՆ-ՌԴ առևտրին, այլ նաև մյուս երկրների հետ առևտրին (հաշվի առնելով SWIFT-ի անջատումը որոշ բանկերի համար)», - նշում է նա:

Ֆինանսական ոլորտը, նշում է Ֆանյանը, միջինից բարձր խավի միլիոնավոր քարտապանների համար անհասանելի են դարձել Mastercard-ի, Visa Card-ի ծառայությունները, Apple Pay-ը, Google Pay-ը, որոնք կձգտեն այլընտրանքային հնարավորություններ գտնել, այդ թվումօգտվելով նաև հայաստանյան բանկերի ծառայություններից:

«Մեր ֆինասնական ոլորտի բազմաբնույթ ծառայությունների նկատմամբ պահանջարկ կլինի նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող ռուսական տնտեսավարողների կողմից։ Ու շատերի համար սա ժամանակավոր բնույթ չի ունենալու, այլ վերածվելու է անվտանգության բարձիկի։ Մի խոսքով, Ներսես Երիցյանի՝ Կովկասի Շվեյցարիա դառնալու, տեսլականին մոտ ենք առավել քան երբևէ», - նշում է տնտեսագետը:

Պատժամիջոցների հետևանքով Հայաստանում շահեկան դիրքում կարող է հայտնվել նաև զբոսաշրջության ոլորտը. «Միլիոնավոր զբոսաշրջիկներ զրկվելով ԵՄ մեկնելու հնարավորությունից, որպես այլընտրանք զբոսաշրջային ուղղություն կարող են դիտարկել Հայաստանը, բնականաբար, Թուրքիայից, Եգիպտոսից ու ԱՄԷ-ից հետո, այդ թվում նաև գործնական նպատակներով, օրինակ, բանկային հաշիվ բացելու համար», - կարծում է նա։

Հնարավորություններ են բացվում նաև օդային տրանսպորտի ոլորտում, կարծում է նա և նշում. «Մոսկվան պատմականորեն տրանսպորտային hub է եղել ԱՊՀ երկրների համար, այսօր, երբ գործում են սահմանափակումներ Aeroflot-ի (և որպես պատասխան մի շարք եվրոպական ավիաընկերությունների նկատմամբ), Երևանը կարող է հավակնել դառնալու տարանցիկ hub»:

Տնտեսագետի կարծիքով կարող է շահել նաև մշակող արդյունաբերության ոլորտը, քանի որ բազմաթիվ արևմտյան ընկերություններ, որ դուստր արտադրական ձեռնարկություններ են հիմել Ռուսաստանում սպասարկելու համար 140 միլիոնանոց ռուսական շուկան, մատակարարման արժեշղթաների խափանման, ինչպես նաև քաղաքական ռիսկերը հաշվի առնելով կարող են նախընտրել վերատեղակայելու իրենց արտադրական հզորությունները ԵԱՏՄ անդամ Հայաստանում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: