հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը Հնդկաստանի վստահելի գործընկերն է. Երևանում նշվեց Հնդկաստանի Անկախության 75-ամյակը

Հայաստանը Հնդկաստանի վստահելի գործընկերն է. Երևանում նշվեց Հնդկաստանի Անկախության 75-ամյակը

Ուղիղ 75 տարի առաջ՝ 1947 թ. օգոստոսի 15-ին, հնդիկ ժողովուրդը սահմանադրորեն ամրագրեց իր ազգային-ազատագրական պայքարի հաղթանակը՝ հռչակելով Հնդկաստանի անկախությունը, և Հայաստանի համար ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանը իր պետականությամբ, մշակույթով ու տնտեսությամբ այսօր գրանցում է նշանակալի ձեռքբերումներ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Հնդկաստանի Անկախության 75-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից սրտանց շնորհավորելով Հնդկաստանի կառավարությանը և բարեկամ հնդիկ ժողովրդին:

Հիշեցնելով դեռևս հնագույն ժամանակներում ձևավորված հայ-հնդկական հարաբերությունների հարուստ պատմության մասին՝ փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության անունից շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի կառավարությանը Հնդկաստանում հարյուրամյակների պատմություն ունեցող հայ համայնքին և Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

«Մեր երկու ժողովուրդները, աշխարհագրական առումով իրարից հեռու լինելով հանդերձ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, և դա առաջին հերթին մարդկային ներուժն է, հարուստ պատմության, մշակութային ժառանգության և արժեքային համակարգի պահպանման նվիրվածությունը: Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումը և ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ», - ասաց փոխվարչապետը:

 

Հիշեցնելով, որ 2022 թվականին նշվում է նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ երկու բարեկամ երկրների միջև առկա է ակտիվ համագործակցություն նաև բազմակողմ ձևաչափով, ինչը լավագույնս դրսևորվում է միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ: Բայց կողմերը դեռ անելիքներ ունեն տնտեսական և գործարար համագործակցության չօգտագործված ներուժը իրացնելու ուղղությամբ, ինչին կնպաստի նաև հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը:

«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ու Հնդկաստանը ձևավորել են միջպետական համագործակցության գործուն ձևաչափ՝ հիմնված բարի կամքի և գործընկերության վրա», - հավելեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Միջոցառման ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գործարար և այլ համայնքների ներկայացուցիչներ, Հայաստանում հնդկական համայնքի ներկայացուցիչներ և Հնդկաստանի հայ բարեկամներ:

Իր ելույթում նրանց ողջունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը՝ շնորհակալություն հայտնելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և մյուս բոլոր հյուրերին հնդիկ ժողովրդի հետ կարևոր տոնակատարությանը մասնակցելու համար:

Հնդկաստանի Անկախության 75-ամյակի տոնակատարությունը, ի դեպ, հատուկ անվանում ունի, որը տվել է Հնդկաստանի վարչապետ Շրի Նարենդրա Մոդին՝ այն կոչելով «Ազադի Կա Ամրիտ Մահոտսավ», այսինքն՝ «Անկախության նեկտարի փառատոն»: Ըստ դեսպանի՝ այս «նեկտարի տարին», որը սկսվեց անկախության 75-րդ տարում, Հնդկաստանի համար նոր հեղափոխությունների շրջան է:

«Այս տարիների ընթացքում Հնդկաստանը երկար ճանապարհ է անցել: Ազատ Հնդկաստանի 75 տարիները լի են հիանալի ձեռքբերումներով: Մենք հպարտ ենք մեր  Սահմանադրությամբ: Մենք հպարտ ենք մեր ժողովրդավարական աավանդույթներով: Ժողովրդավարության մայրը՝ Հնդկաստանը, դեռ առաջ է շարժվում՝ ամրապնդելով ժողովրդավարությունը: Գիտելիքներով ու գիտությամբ հարուստ Հնդկաստանը իր հետքն է թողնում Մարսից մինչև Լուսին», - հայտարարեց դեսպան Դեվալը:

Խոսելով հայ-հնդկական դարավոր մշակութային և քաղաքական շփումների մասին՝ դեսպանը նշեց, որ իրենք՝ Հնդկաստանը, համարում են Հայաստանը իրենց վստահելի գործընկերը:

Դեսպան Կիշան Դան Դեվալը նաև Հնդկաստանի դեսպանատան անունից խորին ցավակցություն հայտնեց օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի և պայթյունի զոհերի ընտանիքներին և հարազատներին:

«Կիսում ենք ընտանիքների վիշտը՝ կրելու այս կորուստը: Այս աղետի հետևանքով տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասաց դեսպանը:

Հնդկաստանի Անկախության 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում դեսպան Դեվալը նաև պարգևատրեց Հայաստանում ուսանող հնդիկ երկու ուսանողների, որոնք հաղթել էին վարչապետ Մոդիի հայտարարած մրցույթում: Պաշտոնական ելույթներից հետո սկսվեց միջոցառման մշակութային մասը՝ հնդկական մշակութային կենտրոնի, ինչպես նաև Հայաստանից և Վրաստանից հրավիրված երաժշտական և պարային խմբերի ելույթները:

  • Կիսվել: