հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանը համաձայնություն էր տվել հայ-ադրբեջանական հաշտեցման Խովաևի փաստաթղթին, սակայն անհայտ պատճառներով ՌԴ-ն հետամուտ չեղավ դրա առաջխաղացմանը․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը համաձայնություն էր տվել հայ-ադրբեջանական հաշտեցման Խովաևի փաստաթղթին, սակայն անհայտ պատճառներով ՌԴ-ն հետամուտ չեղավ դրա առաջխաղացմանը․ Ալեն Սիմոնյան

 Մոսկվան ի դեմս ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի, ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման տարբերակ, որին ՀՀ-ն իր համաձայնությունն է տվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Բայց հետագայում, թե ինչո՞ւ մեր դաշնակից գործընկերները հետամուտ չեղան հենց այդ տարբերակին և հիմա նեղսրտում են դրան հաջորդած Պրահայի համաձայնագրից, կարծում եմ՝ պետք է այդ հարցադրումներն արվեն ու դրա մասին խոսվի»,- նշեց նա։

Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել էր, որ Պրահյան փաստաթղթից հետո, որում Հայաստանը և Ադրբեջանը հիմք էին ընդունել Աստանայի հռչակագիրը, որում երկրները համաձայնում էին միմյանց ճանաչել նախկին Սովետական հանրապետությունների սահմաններով, բարդացրել է արցախյան հիմնախնդրի ճակատագիրը։

Ըստ Լավրովի՝ այդ փաստաթղթով Հայաստանը փաստացի ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Հիշեցնենք սակայն, որ Աստանայի հռչակագրի կնքման ժամանակ Արցախը ըստ Սովետական օրենքների և միջազգային նորմերի դուրս էր եկել Սովետական Ադրբեջանի կազմից։

  • Կիսվել: