Հայաստանը գտնվում է բազմակողմ հարաբերությունների խաչմերուկում, ուստի կարևորում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան․ ԱԳ փոխնախարար
Աշխարհն այսօր ապրում է միջազգային հարաբերությունների նոր համակարգում, հին համակարգը չի գործում նույն արդյունավետությամբ, իսկ պատճառն այն է, որ զարգացող երկրները գլոբալ փոխգործակցության համատեքստում որոշումներ կայացնելիս՝ ավելի շատ աջակցության կարիք ունեն։
Այդ տեսակետը «Երևանյան երկխոսություն-2025» համաժողովում արտահայտեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Աշխարհը կարիք ունի, որպեսզի միջազգային հարաբերություններն ադապտացվեն նոր պայմաններին և իրողություններին։ Եթե երկարաժամկետ կտրվածքով բազմաբևեռ աշխարհն էֆեկտիվ է, ուրեմն միջազգային հարաբերություններն էլ դառնում են բազմավեկտոր։ Տվյալ համակարգի էֆեկտիվությունը կախված է այն հանգամանքից, թե որքան օգուտներ է այն բերում հասարակություններին։ Որքան շատ երկրներ ընդգրկի այդ համակարգը, այնքան կլինի բազմազան ու բազմավեկտոր։ Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին առնչվող մեխանիզմներին, ապա կարծում եմ, որ նոր տարբերակներն ակնառու են, բայց նախկին ձևաչափերը, ինչպիսիք են գագաթաժողովները, բազմակողմ պայմանավորվածությունները, շարունակում են հանրային օգուտներ բերել՝ դարձնելով հարաբերություններն ավելի արդյունավետ»,- ասաց Սաֆարյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը գտնվում է բազմակողմ շահերի և գործող տարբեր խմբերի հետաքրքրությունների խաչմերուկում, հետևաբար կարևորում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան և հավասարակշռությունը։
«Հաշվի առնելով միջազգային հարաբերություններում առկա իրավիճակն ու նոր իրողությունները՝ մենք նախընտրում ենք բազմաբևեռ աշխարհը»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը։