կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հայաստանը և Սլովակիան պատրաստ են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և ռազմարդյունաբերության ոլորտներում

Հայաստանը և Սլովակիան պատրաստ են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և ռազմարդյունաբերության ոլորտներում

 Հայաստանը և Սլովակիան պատրաստակամ են խորացնելու համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի և ռազմարդյունաբերության։

Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ Երևանում ունեցած հանդիպումից հետո՝ հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ։

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների միջև համագործակցության օրակարգը բավականին լայն է, կողմերը պայմանավորվել են կենտրոնանալ մի քանի առանցքային ուղղությունների վրա՝ քաղաքական երկխոսություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, էներգետիկա, միջուկային էներգիա և ռազմարդյունաբերություն։ 

«Շատ լայն օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության ուղղությամբ, հատկապես՝ միջուկային էներգիայի ոլորտում։ Քննարկեցինք նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները, որտեղ ևս տեսնում ենք որոշակի հեռանկարներ։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր նշված ուղղություններով կունենանք կոնկրետ օրակարգեր և նախագծեր»,-նշեց վարչապետը։  

Փաշինյանի խոսքով՝ Սլովակիայի վարչապետին ուղեկցող ներկայացուցչական գործարար պատվիրակության այցը նույնպես կարող է նոր շունչ հաղորդել երկկողմ տնտեսական համագործակցությանը։ 

«Համոզված եմ, որ այդ պատվիրակության այցի արդյունքում մեր մասնավոր հատվածը տարբեր տնտեսական ոլորտներում կստեղծի նոր նախագծեր քննարկելու հնարավորություն։ Այդ քննարկումները, հուսով եմ, կընթանան բարձր հովանու ներքո և կունենան հստակ արդյունք և իրացվելիություն»,– ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը նշեց նաև, որ 2026 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը ևս կարևոր հանգրվան է լինելու եվրոպական գործընկերների հետ համագործակցության խորացման գործում։ 

«Արդեն այսօր առիթ ենք ունեցել անդրադառնալու այն թեմային, որ հաջորդ տարի գարնանը Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչը մեծ իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպական կարևորագույն պլատֆորմներից մեկի համար։ Այդ հարցում ևս ես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին և ստացել նրա աջակցությունը՝ ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների կողմից, ինչը ես բարձր եմ գնահատում»,– ասաց վարչապետը։  

 

  • Կիսվել: