հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանը և Ասիական զարգացման բանկը նշում են համագործակցության 15-ամյակը

Հայաստանը և Ասիական զարգացման բանկը նշում են համագործակցության 15-ամյակը

Այսօր Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) անցկացրեց միջոցառում՝ նշելու Հայաստանի հետ իր համագործակցության 15-ամյակը, որը սկսվել էր 2005 թվականին։   

ԱԶԲ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն՝ պարոն Պաոլո Սպանտիգատին  բացեց միջոցառումը, ինչին հաջորդեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար և Հայաստանում ԱԶԲ-ի կառավարիչ պարոն Տիգրան Խաչատրյանի ելույթը։ Միջոցառմանը ներկա էին նաև կառավարության առանցքային պաշտոնյաներ, զարգացման գործակալությունների ներկայացուցիչներ և լրատվամիջոցներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց ԱԶԲ-ի փոխնախագահ՝ պարոն Շիխին Չենի տեսաուղերձը, որը վերահաստատեց Հայաստանի կառավարությանը և ժողովրդին աջակցելու ԱԶԲ-ի  հանձնառությունը։ 

«Մենք հպարտանում ենք Հայաստանի՝ վերջին 15 տարիների ձեռքբերումներով, չնայած նրան, որ երկիրն առերեսվել է բազմաթիվ մարտահրավերների», ասաց պրն․ Սպանտիգատին։ «ԱԶԲ-ը կշարունակի Հայաստանին տրամադրել գիտելիքներ և ֆինանսական աջակցություն, ինչը կնպաստի դիվերսիֆիկացված աճին և առավել լայն ներառականությանը»։ 

«Մեր գործընկերության մեկնարկից ի վեր՝ ԱԶԲ-ն ապացուցել է իր  հուսալի և կայուն գործընկեր լինելը Հայաստանի զարգացման և բարեփոխման առաջնահերթություններում աջակցելու հարցում», ասաց պրն․ Խաչատրյանը։ «Մեր սերտ գործընկերությունը մեծապես նպաստել է առանցքային ոլորտների, այդ թվում՝ քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի և հանրային ֆինանսների կառավարման զարգացմանը»։ 

Այս տարելիցը և Հայաստանի հետ ԱԶԲ-ի երկարաժամկետ զարգացման գործընկերությունը նշանավորելու նպատակով՝ միջոցառման ընթացքում կազմակերպվել է ֆոտոցուցադրություն, որտեղ ակնառու կերպով ներկայացվել է ԱԶԲ-ի ներդրումը երկրի զարգացման ճանապարհին։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Հայաստանում ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորված առանձին ծրագրերի ձեռքբերումները լուսաբանող ֆոտոալբոմը։ 

Որպես Հայաստանի ամենամեծ զարգացման գործընկերներից մեկը՝ 2005 թվականից ի վեր ԱԶԲ-ը ներգրավել է շուրջ 1.6 միլիարդ դոլար երկրին ուղղված վարկերում և տեխնիկական աջակցության դրամաշնորհներում, օգնելով դնել է՛լ ավելի ամուր հիմքեր ներառական, դիվերսիֆիկացված և փոխակերպելի աճի համար։ Բանկը թիրախավորում է ներդրումներ տրանսպորտի, հանրային ոլորտի կառավարման, ֆինանսների, էներգետիկ, ջրային  ոլորտներում և այլ քաղաքային ենթակառուցվածքներում ու սոցիալական ծառայություններում։ 

Այս 15 տարիների ընթացքում ԱԶԲ-Հայաստան գործընկերությունն օգնել է դիվերսիֆիկացնել տնտեսությունը և մեծացնել հայերի համար՝ աճից օգտվելու հնարավորությունները։ 2020 թվականին ԱԶԲ-ը հավանություն է տվել Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին փոխառություն տալու հարցում աջակցելու նպատակին ուղղված վարկին՝ հատուկ նշանակություն տալով կանանց և մայրաքաղաք Երևանից դուրս գտնվող շրջաններին։ 

Տրանսպորտային ոլորտում ԱԶԲ-ի ներդրումներն օգնել են զարգացնել արդյունավետ, անվտանգ և կայուն ավտոճանապարհային ցանց, ինչպես նաև բարելավել են ներքին և անդրսահմանային կապակցվածությունը։ Ենթակառուցվածքային ոլորտում աջակցություններից է նաև 46 դպրոցների առաջնահերթ շենքերի ամրացմանն աջակցելը՝ երկրաշարժի վտանգին դիմակայելու նպատակով և կառավարության սեյսմիկ անվտանգության  բարելավման ծրագրի շրջանակներում:

ԱԶԲ-ը ներգրավել է նաև շուրջ  35 միլիոն դոլար Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ին առնչվող ծրագրերում՝ համավարակից սեփական ժողովրդին պաշտպանելու և վերականգնվելու հարցերում կառավարությանն օգնելու նպատակով։ 

Հայաստանին ուղղված ԱԶԲ-ի աջակցությունը համապատասխանեցված է 2020-2050 թվականների երկրի վերափոխման ռազմավարությանը, որը ներառում է մրցունակություն, ներառականություն և արտահանման մաքսիմալացում։   

ԱԶԲ-ն պարտավորվում է հասնել բարգավաճ, ներառական, ճկուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ միաժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված իր ջանքերը: Հիմնադրվելով 1966 թվականին, այն ունի 68 անդամներ՝ 49-ը տարածաշրջանից:

  • Կիսվել: