Հայաստանը Բրյուսելում դեսպանության համար 4,3 մլն եվրոյով ձեռք կբերի նոր շինություն
Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ Հայաստանը Բրյուսելում դիվանագիտական ներկայացուցչության համար ձեռք կբերի նոր շինություն, որի արժեքը կազմում է 4,3 միլիոն եվրոյին համարժեք դրամ։
Աս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով գերատեսչության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը։
Միրզոյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարությունն իրականացրել է բյուջեի 5 հիմնական ծրագիր, որոնցով սկզբնապես հաստատված բյուջեն եղել է 17,1 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն՝ 27,8 միլիարդ, իսկ փաստացի ծախսերը կազմել են 27,4 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 98,8 տոկոս։
«Ճշտված բյուջեն ավելացել է 10,7 միլիարդ դրամով․ այս տարբերությունը պայմանավորված է եղել հիմնականում 1 գործոնով՝ Փարիզում ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենքով, որի արժեքը կազմել է 9,9 միլիարդ դրամ»,-ասաց Միրզոյանը։
Վերջինս, խոսելով այլ երկրներում ձեռք բերված այլ շենքերի մասին, նշեց, որ 2023 թվականին շինություն էր ձեռք բերվել նաև Լոնդոնում, և հիմա կառավարությունը որոշում է կայացրել ձեռք բերել նոր շենք Բրյուսելում ՀՀ դեսպանության համար, որի արժեքը կազմում է 4,3 միլիոն եվրոյին համարժեք դրամ։
«Այս շինությունը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր թաղամասում, հարևանությամբ գտնվում են դեսպանություններ, ներկայացուցչություններ, եվրոպական կառույցներ։ Ֆունկցիոնալ և լոգիստիկ էական առավելություններից բացի, շինության ձեռքբերումը կունենա նաև քաղաքական և խորհրդանշական բաղադրիչ՝ մասնավորապես, հաշվի առնելով Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնումը և Բրյուսելում առավել տեսանելիություն և ներկայանալիություն ապահովելու կարևորությունը։ Այն մոտավորապես 1500 քառակուսի մետր մակերես ունի։ Եվ, իհարկե, հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը՝ այս ձեռքբերումը կարող է նաև շահավետ երկարաժամկետ ներդրում լինել»,-մանրամասնեց ԱԳ նախարարը։
Նախարարի բնորոշմամբ՝ ընդհանուր առմամբ օտարերկրյա պետություններում թվով 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20-ի ծառայողական շենքերը հանդիսանում են ՀՀ-ի սեփականություն. դրանցից 6-ը նվիրված են բարերարների կողմից, երկուսը՝ փոխադարձության սկզբունքով, 1-ը հատկացվել է դեսպանընկալ պետության կողմից, 11 շենք ձեռք է բերված ՀՀ բյուջեից, բացի այդ ևս 13 շենք տրված է անհատույց օգտագործման՝ տարբեր կազմակերպությունների կողմից։ Մնացած 31-ը վարձակալվում են Հայաստանի կողմից։