հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանն ԱՄՆ-ի հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը. Փաշինյան

Հայաստանն ԱՄՆ-ի հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի գործընկերությանն այլ երկրների հետ:

Նա նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է։

Նրա խոսքով՝  2020 թվականի մայիսին Ռուսաստանում լույս է տեսել «Ռուսաստանի դաշնակիցները» աշխատություն, որում Հայաստանին շատ բարձր գնահատական է տրված:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ ռուսական վերլուծական կոնտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով գնահատական, որտեղ համապարփակ գնահատում է Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկեր երկրների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Հայաստանը ներառված է շատ բարձր մակարդակում դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առաջիկայում Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:

«Հույս ունենք, որ կորոնավիրուսի պատճառով որևէ սահմանափակում չի լինի։ Այդ առումով կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում ու շարունակելու ենք այդ հարաբերությունները զարգացնել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, Եվրամիությունը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Հայաստանի համար շատ կարևոր գործընկերներ են։ Նա նաև ընդգծեց, որ Իրանի հետ Հայաստանն ինտենսիվ հարաբերություններ ունի, Վրաստանի հետ, բնականաբար, մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են:

«Եվ մենք հետևողական արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները, որտեղ, իհարկե, կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը: Մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները խորացնելու ենք և դրանք պետք է ունենան և ունենում են կոնկրետ արտահայտություն, և այսօրվա կառավարության նիստին երկու այս որոշումները նաև վկայում են այդ մասին»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: