ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում ստեղծված իրավիճակն է հանգեցրել 2018թ. հեղափոխությանը. ԱԱԾ նախկին տնօրեն

Հայաստանում ստեղծված իրավիճակն է հանգեցրել 2018թ. հեղափոխությանը. ԱԱԾ նախկին տնօրեն

Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում իր ելույթի ժամանակ կարծիք է հայտնել այն պատճառների մասին, որոնք հանգեցրին 2018թ. հեղափոխությանը։

«Ինչո՞ւ եմ ես կարծում, որ դրա համար կային օբյեկտիվ պատճառներ։ Մարդկանց մեջ հասունացել էր դժգոհությունը, պատճառները, որոնք, գազի պես, կուտակվել էին, եւ վաղ թե ուշ նման իրադարձություններ էին տեղի ունենալու»,- նշել է նա։

Համբարձումյանը հիշեցրել է նաեւ այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 2018-ից առաջ. մասնավորապես, նա հիշատակել է ՊՊԾ գնդի շենքի գրոհի մասին «Սասնա ծռեր» խմբի կողմից։

ԱԱԾ նախկին տնօրենը թվարկել է նաեւ 2018թ. հեղափոխության սուբյեկտիվ պատճառները՝ դրանց մեջ նշելով կեղծ լուրերը, որոնք բարձրացնում էին դժգոհության աստիճանն ու փոխանցվում բերնեբերան։

Նա վստահություն է հայտնել, որ եթե չլինեին 2018թ. իրադարձությունները, դրանք տեղի կունենային 2019-ին կամ 2020-ին, այսինքն՝ դրան հանգեցրել էր ստեղծված իրավիճակը։

Ընդ որում՝ ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծել է, որ հեղափոխության նպատակը չի իրականացվել։ Նա նշել է, որ չեն կատարվել նպատակները դեմոկրատիայի, արդարադատության համակարգի կամ անվտանգության տեսակետից։

Ինչ վերաբերում է հասարակության տրամադրություններին այժմ,  Համբարձումյանի խոսքով՝ մարդիկ մատերիալիստ են դարձել, իսկ երիտասարդությունը մտածում է այն մասին, որ կրթություն ստանա արտասահմանում, իսկ հայրենիքում «ինչ լինում է՝ թող լինի»։ Դա, ըստ նրա, անվտանգության սպառնալիքներից մեկն է։ 

  • Կիսվել: