հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ:

Ողջունելով դեսպանին` Հայկ Մամիջանյանը կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրներին: Նշվել է, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են`Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում հայ խորհրդարանականները կարևորել են միջազգային գործընկերների դերակատարությունը:

Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է նմանատիպ հանդիպումներն ընդդիմադիր գործընկերների հետ, որոնց ընթացքում հնարավորություն է լինում տեղեկանալու ներքաղաքական և տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի:

  • Կիսվել: