Հայաստանում կոռուպցիան երբեք ավելի ցածր մակարդակ չի ունեցել, քան մեր կառավարման տարիներին. Փաշինյան
2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքները մեզ համար առանցքային են, անառարկելի, և մենք ունենք ըմբռնում և պետք է ավելի ամրապնդենք, որ մեր նկատմամբ, այո, ավելի պահանջկոտ պետք է լինենք, քան ուրիշների։ Մենք հենց այդպես էլ վարվում ենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այլ բան, որ շատերը փորձում են օգտագործել մեր դեմ մեր այս մղումը, մեր իսկ կողմից նախաձեռնվող ամեն ստուգում, ամեն հարց հասկանալու մղում, պրոցես փորձելով ներկայացնել, որպես նախկին բարքերի վերադարձ։ Նախկին բարքերը Հայաստանից հեռացել են անդառնալիորեն, համակարգային կոռուպցիան հաղթահարվել է անդառնալիորեն։
Հայաստանում կոռուպցիան երբեք ավելի ցածր մակարդակ չի ունեցել, քան մեր կառավարման տարիներին։ Կոռուպցիայի մակարդակը պետք է հետևողականորեն և անխուսափելիորեն զրոյացվի, բոլոր դեպքերը պետք է հետևողականորեն քննվեն և մեղավորները պետք է պատժվեն սա է մեր ժողովրդի առաջ մեր ստանձնած հաջորդ կարևոր պարտավորությունը և այս պարտավորությունից մենք ոչ մի միլիմետր չենք նահանջել և չենք նահանջելու»,– հայտարարեց Փաշինյանը։


