հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանում չնկատելու էին տալիս, որ Ադրբեջանի բանակը սպառազինվում է 6-րդ սերնդի զինատեսակներով. Սարգսյան

Հայաստանում չնկատելու էին տալիս, որ Ադրբեջանի բանակը սպառազինվում է 6-րդ սերնդի զինատեսակներով. Սարգսյան

Ամեն ինչ հնարավոր է, երբ սիրում ես երկիրդ: Նման վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ՛՛Հանրապետություն՛՛՛ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: 

Նա, մասնավորապես, գրել է.  ՛՛Իսկական տոները նաև անցածը գնահատելու ու նորը ծրագրելու համար են: Փաստ է, որ 21-րդ դարում Հայաստանի Ազգային բանակը դադարեց ամենակայացած արժեքը լինել, որովհետև օրվա իշխանությունը վարում էր չավարտված պատերազմից խուսափելու քաղաքականություն և կուրորեն հավատում էր Ռուսաստանի՝ այլևս պատերազմ թույլ չտալու խոստումներին, որի դիմաց անվերջորեն ստանում էր Հայաստանի ռազմավարական հզորությունները՝ սկսած ՀԷՑ-երից, մինչև գույք պարտքի դիմաց՝ իմա ռազմական արդյունաբերությունը, գազի խողովակաշարերը, ընդերքը:

Այդ ընթացքում բանակը սպառազինվում էր միայն ռուսական զենքերով, որոնք բնավ էլ աշխարհի ամենաառաջադեմ ու հուսալի զենքերը չեն: 21-րդ դարը իր ռազմական տեխնոլոգիաներով ու պատերազմ վարելու ավտոմատացված համակարգերով Հայաստան չմտավ, և դա ոչ թե բանակի ղեկավարության, այլ՝ գերագույն գլխավոր հրամանատարների քաղաքականությունն էր: Հայաստանում չնկատելու էին տալիս, որ Ադրբեջանի բանակը սպառազինվում է 6-րդ սերնդի զինատեսակներով, որ Թուրքիայի, իմա՝ ՆԱՏՕ-ի մարտ վարելու տեխնոլոգիաներ են ներդրվում: Նույն տրամաբանությամբ էր կառուցվում մեր արտաքին քաղաքականությունը, որ ի վերջո հանգեցրեց միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մակարդակի անկման ու ինքնամեկուսացման: Ու սա ոչ թե սուբյեկտիվ գնահատական է, այլ իրադարձությունների ու իրավիճակի չոր վիճակագրություն:

Ի՞նչ է մեզ պետք.
1.Ինքնիշխանության գիտակցություն և պետականության ամրապնդում:

2.Ցանկացած պետության գոյության հիմքում տնտեսությունն է՝ մենք պետք է արտադրությունը զարգացնենք: Շինարարության ու սպասարկման ոլորտի, զբոսաշրջության հիմքով տնտեսական աճ խաղալու ժամանակներն անփառունակ ավարտվեցին: Արտադրության զարգացում ու աշխատատեղերի ստեղծում՝ միայն այս բանալիով կարող ենք բացել ժողովրդագրական պատկերը փոխելու ու անվտանգության դռները:

3.Մենք միշտ կարևորել ենք կրթությունը, բայց չենք բանաձևել կրթության այն բովանդակությունը, որ պետք է այստեղ ու հիմա՝ պետականության ամրապնդման ու ապագան ծրագրելու համար: Մշակույթը, կրթությունը և գիտությունը ազգային անվտանգության մաս են, որ պետք է նույնքան կարևորվեն, որքան անկախությունն ու բանակը:

4.Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի ոչ թե մարտահրավերներից խուսանավելը, այլ՝ վերացնելը: Մենք պարտավոր ենք հավասարակշռել մեր արտաքին քաղաքականությունը՝ միջազգային ասպարեզում դառնալով կանխատեսելի ու հուսալի, ինքնուրույն ու պետական շահի գիտակցությամբ առաջնորդվող գործընկեր:

5.Ազգային անվտանգության ապահովման հիմքը բանակն է: Ընդունելով հանդերձ՝ սպառազինության և բանակաշինության որոշակի գաղտնիության տաբուն, մեր բանակի սպառազինությունը պետք է գնվի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Չինաստանից ու այն երկրներից, որոնք տիրապետում են պատերազմ վարելու ժամանակակից տեսություններին ու տեխնոլոգիաներին: Մենք խնդիր ունենք օդը պաշտպանել ԱԹՍ-ներից, իսկ ՀՕՊ արդյունավետ համակարգեր ունի Արևմուտքը: Խաղաղությունը իրականություն է դառնում, երբ պատրաստ ես պատերազմելու ու հաղթելու:

6.Մենք միշտ բողոքում ենք, որ չկա ազգային միասնություն: Համենայն դեպս՝ ընտրություններից առաջ ընտրողները կուսակցություններին դաշինք կազմելու կոչեր են անում: Դա ճիշտ և անհրաժեշտ է, երբ կա գաղափարական ու մարտավարական ընդհանրություն, բայց փորձը վկայում է, որ իրադարձային դաշինքները կարճ ժամանակից փլուզվում են: Ազգային միասնության առանցքում պետք է լինի ազգային շահի համաժողովրդական ձևակերպումն ու պաշտպանությունը և միայն այդ չափանիշով կարող է այն համախմբումը լինել, որ կմարգինալացնի ու քաղաքական դաշտից դուրս կմղի ընդդիմացողների հինգերորդ շարասյանը:

7.Ամեն ինչ հնարավոր է դառնում, երբ սիրում ես երկիրդ ու գիտես՝ երբ, ինչ, ինչու ու ինչպես ես անում:

Հ.Գ.

Երբ ասում եմ Հայաստանի Հանրապետություն, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետություն+Արցախի Հանրապետություն՛՛:

  • Կիսվել: