հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հայաստանն ու Վրաստանն արդյունավետ համագործակցություն են ծավալում բոլոր բնագավառներում. Միրզոյան

Հայաստանն ու Վրաստանն արդյունավետ համագործակցություն են ծավալում բոլոր բնագավառներում. Միրզոյան

Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում, և ինչպես միշտ, այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում: Այդ մասին Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Անշուշտ, ընթացիկ տարին և՛ սովորական է մեր ինտենսիվ հարաբերությունների համար, և՛ ինչ-որ առումով՝ առանձնահատուկ. մենք պահպանել ենք ամենաակտիվ բարձր և բարձրագույն մակարդակներում քաղաքական երկխոսությունը:

Երկու երկրների առաջնորդների համանախագահությամբ տարվա սկզբին Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովների 13-րդ նիստը, իսկ մարտին Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Ակտիվ են եղել նաև միջխորհրդարանական կապերը, սրանք ևս շատ մեծ նշանակություն ունեն հարաբերությունների զարգացման համար: Բայց նաև տարին առանձնահատուկ է և անձամբ իմ համար. սա իմ առաջին այցն է Թբիլիսի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո, և պետք է նկատեմ, որ այս գործընկերության հաստատումից հետո մեր հարաբերությունները սկսել են, և բովանդակությունը այդ հարաբերությունների սկսել է լցվել նոր տարրերով, նոր ուղղություններով, նոր բաղադրիչներով, ինչը շատ ուրախալի է:

Հիրավի, սրընթաց զարգացում են ապրում մեր հարաբերությունները, ունենք հարուստ օրակարգ: Բարձր մակարդակի երկխոսությունից բացի, նաև Հայաստանն ու Վրաստանն արդյունավետ համագործակցություն են ծավալում բոլոր բնագավառներում. տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց միջև կապեր, շփումներ: Կա նշանակալի առաջընթաց փոխադարձ առևտրում, իսկ մաքսային ոլորտում մեր համագործակցության ընդլայնման միջոցով մենք, իհարկե, կարող ենք հասնել շատ ավելի մեծ, զգալի արդյունքների և նպաստել և՛ գործարար, և՛ մարդկանց միջև շփումների ավելի ջերմացմանը»,- նշեց Արարատ Միրզոյանը:

  • Կիսվել: