շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանն ու Թուրքիան ձեռք են բերել երկու ուղղությամբ առարկայական պայմանավորվածություն․ քաղաքագետ

Հայաստանն ու Թուրքիան ձեռք են բերել երկու ուղղությամբ առարկայական պայմանավորվածություն․ քաղաքագետ

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման վերաբերյալ երկու կողմերի տարածած նույնաբովանդակ հաղորդագրությունների համաձայն` ձեռք են բերվել առնվազն երկու ուղղությամբ առարկայական պայմանավորվածություններ: Այս մասին գրում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը:

"1.Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

2.Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Առաջին դրույթը, ըստ էության, կարող է ենթադրել երկու կողմից ցամաքային սահմանների՝ տարանցման նպատակով նախապատրաստում, մասնավորապես` սահմանային, մաքսային անցակետերի տեղակայում։ Ընդ որում, հարկ է նշել, որ այս հնարավորությունից հայկական կողմից կարող են առավել առարկայորեն օգտվել հիմնականում Հայաստան այցելած կամ այստեղ ապաստանած սփյուռքահայերը կամ երկքաղաքացիություն ունեցող այլ հայրենակիցներ։

Երկրորդ կետն արդեն ուղիղ առնչվում է Թուրքիայի հետ առևտուր անող ՀՀ տնտեսվարողներին։ Որքանով կիրառելի կլինի այս հնարավորությունը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների արժեքի հետ կապված ծախսերի մասով դեռևս առկա անհստակությունը։ Այնուամենայնիվ, նման պայմանավորվածության առկայությունն առնվազն դրական է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներում Վրաստանից տարանցիկ կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

Եվ որ ոչ պակաս կարևոր է, բավականաչափ բարդ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակում ձեռք բերված պայմանավորվածություններին ուղղված կողմերի նպատակային քայլերն են, որոնց իրականացումը միայն հիմք կստեղծի գործընթացի իմիտացիոն շղարշից ազատվելու և դրա շարունակականությունն ապահովելու համար։ Ի դեպ, թուրքական կողմի հնարավոր քայլերը մեծապես կարելի է պայմանավորել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացքով և Արևմուտքի հնարավոր ճնշումներով",- գրել է Պետրոսյանը։

  • Կիսվել: