ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանն ու Սլովենիան վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն կսկսեն

Հայաստանն ու Սլովենիան վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն կսկսեն

 Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ կա։ Այս հայտարարությունն արեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` ամփոփելով Սլովենիայի ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ բանակցությունների արդյունքները։
Նա նշեց, որ հանդիպման ընթացքում խոսվել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման մասին։
«Կարևորվել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը»,– ասաց Սիմոնյանը։
Երկու երկրների ԱԺ նախագահները խոսել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին։
 
«Արդեն մոտ կես տարի է, ինչ Արցախի ամբողջ բնակչությունն ապրում է պարենային և հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Հաշվի առնելով Բաքվի` օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գործողությունները` ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձանագրումները»,– նշեց Սիմոնյանը։
 
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց 2022 թվականի հոկտեմբերին արցախցի մի խումբ երեխաներին աջակցելու համար (նրանք Սլովենիայում մասնակցել են Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական, սոցիալական վերականգնման ծրագրին)։ Սիմոնյանը նաև ուրախությամբ հայտնեց, որ ծրագիրը երկարաձգվել է ևս երկու տարով։
 
ԱԺ նախագահի խոսքով` հանդիպման ժամանակ ինքը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` հետևողականորեն նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
«Մենք որևէ տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Խնդրել եմ գործընկերոջս միջազգային բոլոր հարթակներում աջակցել խաղաղությանն ուղղված քայլերին Հայաստանի կողմից։ Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ դրական արձագանք ստացա։ Իմ գործընկերը ևս կարևորում է խաղաղությունը։ Կարծում եմ` այս հարցում իրար կսատարենք և, ինչպես գործընկերս նշեց, կամուրջ կհանդիսանանք մեր երկու տարածաշրջանների միջև խաղաղության հարցի ամրապնդման գործում»,– եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

  • Կիսվել: