չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանն ու Սինգապուրը փոխգործակցության մեծ ներուժ ունեն առողջապահության ու տեխնոլոգիաների ոլորտներում. ՀՀ նախագահ

Հայաստանն ու Սինգապուրը փոխգործակցության մեծ ներուժ ունեն առողջապահության ու տեխնոլոգիաների ոլորտներում. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարան (NUS), հյուրընկալվել համալսարանի հեղինակավոր բժշկագիտական դպրոցում (NUS Medicine):

«Նախագահ Սարգսյանը ծանոթացել է բժշկագիտական ոլորտում աշխարհում առաջատար համարվող NUS Medicine-ի լաբորատորիաներում, քվանտային տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվող աշխատանքներին, հետազոտություններին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակումներին»,- նշված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Սինգապուրի ազգային համալսարանի նախագահ, պրոֆեսոր Էնգ Չայ Թանի, NUS Medicine-ի դեկան, պրոֆեսոր Յապ Սենգ Չոնգի և NUS Medicine-ի միջազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Կիշորե Մահբուբանիի հետ հանդիպմանը նշելով, որ տպավորված է լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներով, ժամանակակից լուծումներով, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առողջապահության, տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի հետ փոխգործակցության մեծ ներուժ կա:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի գիտակրթական, հետազոտական հաստատությունների հետ համագործակցության, փորձի փոխանակման, երիտասարդ մասնագետների ու գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացման, գիտությունների և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության, ինչպես նաև NUS Medicine-ի միջազգային խորհրդի հետ փոխգործակցության հնարավորությունները:

Նշվում է, որ NUS Medicine-ի միջազգային խորհուրդը միջազգային առաջնորդների, գիտնականների ու փորձագետների բացառիկ ցանց է, որի նպատակը առողջապահության, հանրային առողջապահության, պոպուլյացիոն հետազոտությունների, տարբեր հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի, դիաբետի բուժման համար լուծումներ գտնելն է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայի և այլ ոլորտներում հնարավորությունների բացահայտման միջոցով:

  • Կիսվել: