երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Հայաստանն իր արժեքային համակարգով եվրոպական պետություն է․ դեսպան Տիգրան Մկրտչյան

Հայաստանն իր արժեքային համակարգով եվրոպական պետություն է․ դեսպան Տիգրան Մկրտչյան

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել Կիպրոսի Financial Mirror լրատվամիջոցին։ Դեսպանությունից հայտնում են, որ Տիգրան Մկրտչյանը փոդքաստ ձևաչափով հարցազրույցում խոսել է մասնավորապես հետևյալի մասին. Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կիպրոսի Հանրապետության կառավարության անդամների և օրենսդիր մարմնի ղեկավարի, ինչպես նաև արտաքին և ԵՄ հարաբերությունների մշտական հանձնաժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների մասին:

Ակադեմիական ոլորտում՝ մասնավորապես Կիպրոսի համալսարանում և գիտահետազոտական ու վերլուծական կենտրոններում հանդիպումների մասին, որոնց նպատակն է հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնում:

Կիպրոսը Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է ԵՄ-ում, որի հետ հարաբերությունները կարելի է բնութագրել ռազմավարական ոչ միայն ԵՄ-ում, այլ նաև երկկողմ ձևաչափում, որտեղ պաշտպանական ոլորտն ունի իր ուրույն կարևորագույն տեղը։

Պատասխանելով Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին հաջորդած զարգացումների վերաբերյալ հարցին՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, անդրադարձել երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ առկա խնդիրներին, Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին, որով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և դրա հիման վրա սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, առկա և նոր տրանսպորտային և բեռնափոխադրումների ճանապարհների վերացմանը և կառուցմանը՝ Միջազգային իրավունքի սկզբունքներին և պետությունների ներքին օրենսդրությանը համապատասխան, որտեղ Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ բարձրացվող միջանցքի տրամադրման պահանջը՝ երրորդ երկրների կողմից անվտանգության ապահովմամբ, անընդունելի է:

Շարունակելով խաղաղության շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առկա հարցերը, դեսպան Մկրտչյանը կարևորել է նաև Արցախում առկա հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, ընդգծել բնակչության վերադարձի իրավունքի հարցը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան»-ի կեղծ քարոզչական թեզի թմբկահարմանը, որն ընդգրկում է Հայաստանը:

Դեսպանը նաև անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների և նրանց դեմ հարուցված արհեստական դատական գործերին։ Վերոնշյալ հարցերը հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության կերտման հիմնական խոչընդոտներն են:

Ընդգծելով միջազգային համայնքի՝ որպես միջնորդ հանդես գալու դերը, դեսպան Մկրտչյանը կարևորել է երկկողմ անմիջական շփումներն ու բանակցությունները, որտեղ մասնավորապես շեշտել է քաղաքական կամքը երկու պետությունների միջև ձգտելու երկարաժամկետ խաղաղության:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, և երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ սկսած ժողովրդավարությունից մինչև դիմակայություն, ինչպես նաև այս համատեքստում նշել հունիսին և ավելի վաղ՝ ապրիլին կայացած հանդիպումների և դրանց արդյունքների մասին, ընդգծելով հայտարարությունների մեջ տեղ գտած կարևոր փաստը Հայաստանի կողմից տարածաշրջանում անվտանգության և կայունության ներդրման վերաբերյալ:

Ամփոփելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին խոսքը՝ դեսպան Մկրտչյանն ընդգծել է այն փաստը, որ Հայաստանի հարաբերությունների սերտացումը ԵՄ հետ կախված է ոչ թե այն հանգամանքից, թե ինչ Հայաստանը առաջարկում կամ վաճառում, այլ թե ինչ է Հայաստանն իրենից ներկայացնում որպես այդպիսին, որը ժողովրդավարական պետություն է, հարգում է միջազգային և մարդու իրավունքները և խոսքի ազատությունը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները:

Հայաստանն իր արժեքային համակարգով եվրոպական պետություն է, և քաղաքակրթության տեսանկյունից է նաև վերջինիս սերտացումը ԵՄ հետ հարաբերություններում: Ի պատասխան լրագրողի հարցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ՝ դեսպան Մկրտչյանը նշել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների և սահմանների բացման կարևորությունը՝ առանց նախապայմանների:

Դեսպանը կարևորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում, ինչը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

Ամփոփելով հարցազրույցը՝ լրագրողը կարևորել է Թուրքիային տրված հնարավորությունը Հայաստանի հետ հարաբերություններում ցուցադրելու խաղաղության և կայունության ջատագովի կերպար, ինչը ցավոք բոլորովին այլ է Կիպրոսի հետ հարաբերություններում:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: