երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանն այս շաբաթ՝ արևմտյան մամուլի էջերին

Հայաստանն այս շաբաթ՝ արևմտյան մամուլի էջերին

Այս շաբաթ արևմտյան մամուլի էջերում Հայաստանին առնչվող թեմաների զգալի մասը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությանն ու Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, գրում է Ամերիկայի ձայնը:  

Օգոստոսի 23-ին «POLITICO Europe» պարբերականում լույս տեսած Գաբրիել Գավինի՝ «Շրջափակման մեջ. Լեռնային Ղարաբաղը մեղադրում է Ադրբեջանին մատակարարման ուղիները խափանելու մեջ» հրապարակումն անդրադարձ է կատարել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, կողմերի միջև հնչող մեղադրանքներին և խնդրի վերաբերյալ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում տեղի ունեցած քննարկմանը:

Կարդում ենք․ «100 հազար մարդ զրկված է սննդամթերքի և դեղորայքի մատակարարումից՝ այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը տարակարծիք են, թե ով է մեղավոր [ստեղծված կացության համար]»: Ներկայացնելով կողմերի մոտեցումները՝ հեղինակն ընդգծում է․ «Բաքվի շարժառիթը պարզ է՝ եթե Լաչինի միջանցքով մատակարարումն ապահովում է Լեռնային Ղարաբաղի շարունակական «կյանքի կապը» Հայաստանի հետ, ապա Աղդամով առաքման դեպքում, որը անկլավից դեպի արևելք է, կպահանջվի երկար տարանցում Ադրբեջանի տարածքով»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկման վերաբերյալ Գավինը գրում է. «Խորհրդի նիստում երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, ճանաչեցին շարունակվող շրջափակման փաստը և կոչ արեցին թույլատրել օգնության տրամադրումը: Քննարկումը, սակայն, ցույց տվեց, թե որքան հեռու են երկու կողմերի դիրքորոշումները միմյանցից»:

Հեղինակը շարունակում է․ «Ռուսաստանի ձախողումը՝ երաշխիքներ տրամադրել դեպի այս տարածք և այնտեղից անվտանգ տարանցման համար, որը նրա՝ [Մոսկվայի] պարտավորությունն է ըստ 2020 թվականի հրադադարի, նշանակում է, որ Ղարաբաղի հայությունն անվտանգության երաշխիքներ է փնտրում Արևմուտքում»:

«Eurasia Review» առցանց պարբերականը հրապարակել է «Ինչո՞ւ Վաշինգտոնը չի ցանկանում օգնել Հայաստանին» հոդվածը։ Հեղինակը՝ Ջորջ Մոնաստիրիակոսը վերլուծելով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ եզրահանգում է. «Եթե միջազգային հանրությունը չունի համապատասխան հավաքական կոշտ ուժ, քաղաքական կամք և բարոյականություն՝ որևէ կերպ ազդելու Բաքվի իրականացրած շրջափակման նկատմամբ, Ամերիկան՝ միակ պետությունը, որն ունի այս բոլորը, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով չի ցանկանում օգնել Երևանին և Ստեփանակերտին»:

Հոդվածագիրը նշում է՝ Երևանի դաշնակցային հարաբերությունները ԱՄՆ հակառակորդ պետությունների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ խոչընդոտում են Վաշինգտոնի ներգրավվածությունն ի նպաստ Հայաստանի․ «Վաշինգտոնը դժվար թե վտանգի Բաքվի հետ իր գործընկերային հարաբերությունները՝ ՀԱՊԿ անդամ-երկրի համար, որը վտանգում ԱՄՆ ազգային շահը»:

Մոնաստիրիակոսի խոսքով, Երևանի դիրքերը օր օրի թուլանում են, իսկ Բաքվինը՝ բարելավվում: Հեղինակի ներկայացմամբ, Ադրբեջանի առաջարկած «լիարժեք ինտեգրումը» դժվար թե լավ հեռանկարներ բացի Լեռնային Ղարաբաղի հայության առջև՝ հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ու տարածված հայատյացությունը: Միաժամանակ, Ջորջ Մոնաստիրիակոսը ընդգծում է՝ նոր պատերազմը աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայության համար․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմավարական առավելությունը և հասկանում, որ 21-րդ դարում առաջ շարժվելու համար՝ Մոսկվայի ու Թեհրանի հետ հարաբերություններին այլընտրանք է անհրաժեշտ Երևանի համար։ Նա փորձում է համաձայնության հասնել ինչպես Բաքվի, այնպես էլ Անկարայի հետ»։

Այս շաբաթ բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականն իր էջերում հրապարակեց Լյուկ Հարդինգի՝ «Նրանք ցանկանում են, որ մենք մեռնենք փողոցներում. շրջափակված Լեռնային Ղարաբաղի ներսում» ծավալուն նյութը, ուր հեղինակը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում տիրող տրամադրույուններն ու ադրբեջանական կողմի արձագանքը․ «[Լեռնային Ղարաբաղի] բնակիչներն ասում են, որ Բաքվի ծրագիրը պարզ է՝ սովի ենթարկել իրենց, որպեսզի, երբ ճանապարհը վերաբացվի, նրանք հեռանան: Նրանց խոսքով, այն դանդաղ ցեղասպանություն է, ուր սովը օգտագործվում է որպես դասական զենք։ Ադրբեջանը հերքում է շրջափակման փաստը և նշում, որ հարկադրված գործել է բնապահպանական խախտումներից հետո։ [Բաքվի] ներկայացուցիչները հերքում են Հայաստանի մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն և կեղծ։ Ճգնաժամը, սակայն, իրական է, և գնալով խորանում է»։

Անցած օրերին կանադական մամուլն անդրադարձավ երկրի արտգործնախարար Մելանի Ժոլի հետ կապված զարգացումներին: Հիշեցնենք, օրերս Մոնրեալի հայ համայնքի հետ հանդիպմանը Կանադայի արտգործնախարարն օգտագործել էր «Արցախ» տեղանունը, ինչը դժգոհություն էր առաջացրել Բաքվում:

Կանադական մի շարք պարբերականներ՝ «The Globe and Mail»-ը, «Toronto Star»-ը, «National Post-ը» վերահրապարակել են «The Canadian Press» լրատվական գործակալության նյութը, ուր ներկայացված են հատվածներ արտգործնախարար Ժոլիի ելույթից: Ըստ հոդվածի, «սոցցանցերում հրապարկված ելույթի մի հատվածում Ջոլին ասում է, թե ծրագրում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված հարցը Մեծ քսանյակի, Մեծ յոթնյակի և ՄԱԿ-ի առաջիկա գագաթնաժողովներում»: Մեջբերված է Կանադայի արտգործնախարարի խոսքը․ «Տարածաշրջանը, և, մասնավորապես, հայերը Արցախում կանգնած են իրական վտանգի առջև...։ Պետք է Արցախի հարցը դնենք դիվանագիտական յուրաքանչյուր սեղանին, որին մենք հասնում ենք»:

Նյութը հիշեցնում է, որ Ադրբեջանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ժոլիին մեղադրելով «միակողմանի հայտարարություններ» անելու մեջ, որոնք աջակցում են «անջատողականությանը և ռևանշիստական ուժերին»: Ներկայացված են Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքերը․ «Կանադայի կողմից նման հայտարարությունները չեն օգնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և անընդունելի են...։ Մեկ անգամ ևս պահանջում ենք Կանադայից զերծ մնալ նման սադրիչ քայլերից և հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Ղարաբաղյան հակամարտության թեմայից դուրս հայերին այս շաբաթ անդրադարձել է «Forbes» հանդեսը՝ իր էջերում հրապարակելով «Հայկական համերի ուսումնասիրությունը»։ Հայկական խոհանոցին նվիրված նյութի հերոսը լոսանջելեսաբնակ հայազգի շեֆ-խոհարար, սննդի ոճաբան, «Lavash» գրքի համահեղինակ Արա Զադանն է, ով հարցազրույցի ընթացքում ներկայացնում է իր կենսագրությանը, հայկական խոհանոցի ու գինիների պատմությանը, ինչպես նաև հայկական կերակրատեսակները:

  • Կիսվել: