երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանն անշեղորեն և հաստատակամությամբ ոտք է դրել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղու վրա. ՀՀ նախագահ

Հայաստանն անշեղորեն և հաստատակամությամբ ոտք է դրել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղու վրա. ՀՀ նախագահ

Մեր երկրի արտաքին մարտահրավերների՝ ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգության խնդիրներին: Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Ամենաբարձր մակարդակով անտեսվել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որը փորձ է արվել ներկայացնել որպես սպառնալիք: Նման հակադրությունը ոչ միայն անհիմն է, այլև ընդհակառակը՝ ժողովրդավարությունը պետության ամրության և հզորացման առաջնային երաշխիքներից է: Ի վերջո, Հայաստանի անկախության հանրաքվեն, Հայաստանի առաջին նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայացել են մեզ պարտադրված պատերազմի պայմաններում, ասել է թե՝ մեր պետականությունն ինչ-որ իմաստով նաև ժողովրդավարության ծնունդ է: Նույն  իրավիճակն է նաև այսօր, երբ դեռ թարմ են 2020-ի պատերազմի վերքերը, երկիրը դեռ նոր է ուշքի գալիս ծանր կորուստներից հետո: Թվում է՝ ժողովրդավարական ինստիտուտները պետք է հետին պլան մղվեին: Բայց հայաստանյան իշխանությունը լուծումը գտավ ժողովրդավարության մեջ: Ես հավատացած եմ՝ ժողովրդավարությունն է այն զենքը, որով մենք կարող ենք և պետք է ներկայանանք աշխարհին»,- ասաց նախագահը:

Եզրափակելով խոսքը՝ նախագահը շեշտեց, որ ժողովրդավարությունը ենթադրում է նաև խաղաղություն, առանց որի հնարավոր չէ կամ շատ դժվար է ունենալ կայացած ժողովրդավարական ինստիտուտներ:

«Այս առումով Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն և դեպի խաղաղություն»,- ասաց նախագահը:

  • Կիսվել: