Հայաստանն անցկացնում է Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի մարդահամար. Փաշինյան
Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանում բնակվող բնակչության մարդահամար է անցկացնում։ Մենք նույնպես մարդահամար ենք անցկացնում Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից եւ այլ վայրերից բռնի տեղահանված հայերի համար։ Այս մասին հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ հաշվարկվում է նաեւ դրա հետեւանքով նյութական վնասը։ «Պետք է հասկանալ, որ այստեղ շղթա է գործում։ Թշնամության զգացումը պետք է կառավարվի՞, թե՞ ոչ: Մենք կարծում ենք, որ պետք է կառավարվի»,-նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգը չի կարող կեղծ լինել, որովհետեւ ոչ ոք չի կարող ժխտել Հայաստանի համար եւ ընդհանրապես խաղաղության օրակարգի անհրաժեշտությունը։
Նա հավելեց, որ զորավարժություններն ու ռազմական սադրանքները կարող են խաղաղության օրակարգը կեղծ հայտարարելու եւ այն վերացնելու նպատակ հետապնդել: «Որեւէ իրադարձություն մեզ չպետք է շեղի այդ անհրաժեշտությունից եւ հայեցակարգից, մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով»,-վստահեցրեց Փաշինյանը։