կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանն ամենամեծ թվով առաջընթաց գրանցած երկրներից է՝ ըստ «Ժողովրդավարության համաշխարհային վիճակը 2023 թ․» զեկույցի

Հայաստանն ամենամեծ թվով առաջընթաց գրանցած երկրներից է՝ ըստ «Ժողովրդավարության համաշխարհային վիճակը 2023 թ․» զեկույցի

Ժողովրդավարության և ընտրություններին աջակցության միջազգային ինստիտուտը հրապարակել է «Ժողովրդավարության համաշխարհային վիճակը 2023 թ․» զեկույցը, որի համաձայն՝ եվրոպական երկրների շարքում Հայաստանը Մոլդովայի հետ գրանցել է առաջընթաց ամենամեծ թվով ոլորտներում:

Որպես դրական քայլ է համարվել Ազգային ժողովում Քննիչ հանձնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետին Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պարերազմի վերաբերյալ հարցերի ուղղումը: Նշվում է, սակայն, որ պարզ չէ, թե արդյոք նման միտումը երկարաժամկե՞տ կլինի, թե՞ ոչ:

«Արևելյան Եվրոպայում Ադրբեջանի, Բելառուսի և Ռուսաստանի ավտորիտար ռեժիմները կտրուկ տարբերվում են իրենց հարևաններից և հակադրվում են խոստումնալից ժողովրդավարական աճին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանը և Մոլդովան»,- նշվել է զեկույցում:

Փաստաթղթում նշվել է նաև, որ Հայաստանի առաջընթացի պատճառներից մեկը վստահելի ընտրությունների անցկացումն է։ Կոռուպցիայի հաղթահարման հարցում ևս Հայաստանը դասվել է առաջընթաց ապրող երկրների շարքում։ Նշվել է, որ Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ներդրել են եվրոպամետ և հակակոռուպցիոն բարեփոխումներ:

Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտը միջկառավարական կազմակերպություն է, որն աշխատում է ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների աջակցության և ամրապնդման և ժողովրդավարական երկրների զարգացման ուղղությամբ: Այն ունի տարածաշրջանային մասնաճյուղեր Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում, Ասիայում և Խաղաղ օվկիանոսում, Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում:

  • Կիսվել: