չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանին Ռուսաստանի հետ կապում են առավել բարդ, բազմամակարդակ եւ ոչգծային հարաբերություններ. Բորդաչով

Հայաստանին Ռուսաստանի հետ կապում են առավել բարդ, բազմամակարդակ եւ ոչգծային հարաբերություններ. Բորդաչով

Ռուսաստանը շրջապատող պետությունների ամբողջ տարածքում Ռուսաստանի հետ Հայաստանին կապում են ամենաբարդ, բազմամակարդակ եւ ոչգծային հարաբերությունները։ Այս մասին այսօր «Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինք» թեմայով կլոր սեղանի ժամանակ ունեցած ելույթում ասել է «Էկոնոմիկայի բարձրագույն  դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (ԷԲԴԱՀՀ) եվրոպական եւ միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի (ՄԳՌԽ) անդամ Տիմոֆեյ Բորդաչովը։

«Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ ես պետք է օգտագործեմ, ցավոք, գուցե՝ ոչ ցավոք, այժմ շատ պոպուլյար մի բառ՝ «հիբրիդային»։ Դա շատ խառը համալիր է։ Հավանաբար, Ռուսաստանը շրջապատող պետությունների ամբողջ տարածքում Ռուսաստանի հետ Հայաստանին կապում են ամենաբարդ, բազմամակարդակ եւ ոչգծային հարաբերությունները։

Դա, առաջին հերթին, հավանաբար, կապված է ամենակարեւոր՝ մեր երկրների միջեւ առկա մարդկային կապերի հսկայական քանակության հետ»,- նշել է ռուս փորձագետը։

Նրա խոսքով՝ ամենամոտավոր գնահատականներով, հայկական սփյուռքը Ռուսաստանում կազմում է մոտ երկու միլիոն, ինչը ներառում է թե՛ հայերին, որոնք ծնվել են Ռուսաստանում, թե՛այն հայերին, որոնք եկել են ապրելու Ռուսաստանում, որպեսզի այնտեղ կառուցեն իրենց ապագան։ Միայն այս տարի, 2023թ. առաջին երեք ամիսներին, Հայաստանի 22 000 քաղաքացի ստացել է ռուսական քաղաքացիություն։

«Սա շատ մեծ ցուցանիշ է, թվաքանակով երկրորդն այն երկրների քաղաքացիների շարքում, որոնք  գալիս են ապրելու եւ աշխատելու Ռուսաստանում մշտական հիմունքներով։ Մենք խոսում ենք նույն լեզվով։ Ես, ցավոք, հայերեն չգիտեմ, բայց մեր հայ բարեկամները, ի մեծ բարեբախտություն մեզ, ինչի համար նրանց չափազանց շնորհակալ ենք, հիանալի տիրապետում են ռուսերենին։ Մենք ընդհանուր մշակույթ ունենք, սերտորեն փոխկապված մշակույթ, ինչը նույնպես ֆենոմեն է, քանի որ, ինչպես գիտենք, Ռուսական կայսրության, հատկապես Խորհրդային Միության կազմում Հայաստանի գտնվելու ժամանակներում  Հայաստանն ամենամիատարր հանրապետությունն էր ազգային առումով, որտեղ ամենաքիչն էր սլավոն բնակչության ներկայությունը։ Բայց եւ այնպես, առաջ է եկել այնպիսի ֆենոմեն մեր հարաբերություններում, որը պահպանվում է եւ, ինչպես տեսնում ենք այն մարդկանց թվով, որոնք Հայաստանից տեղափոխվում են Ռուսաստան, լեցուն ավիաչվերթներով, որոնք մշտապես տեղի են ունենում Մոսկվայի եւ Երեւանի միջեւ..., մենք տեսնում ենք այդ կապերի վիթխարի ծավալը»,- նշել է Տիմոֆեյ Բորդաչովը։

Մյուս կողմից՝ փորձագետի խոսքով, այդ հիբրիդայնությունը ձեւավորում է նաեւ երկու պետությունների արտաքին քաղաքականությունը, որոնք ինքնիշխան են եւ իրականացնում են ազգային արտաքն քաղաքական խնդիրներն ու գոյատեւելու եւ զարգանալու նպատակները։

«1991թ. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության անկախության ձեռքբերման պահից  թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը զարգանում են արտաքին տնտեսական, արտաքին քաղաքական կապերի բոլոր ուղղություններով։ Այնպիսի հասկացություն, ինչպիսին է բազմավեկտորությունը, միշտ առկա է եղել հայկական արտաքին քաղաքականությունում Հայաստանի Հանրապետության զարգացման ցանկացած փուլում վերջին 30 արիների ընթացքում։ Նույնը կարելի է ասել նաեւ Ռուսաստանի մասին։ Այլ բան է, որ ռուսական բազմավեկտորությունը բավական երկար ժամանակ չի իրագործվել եւ մնացել է հռչակագրային մակարդակում, իսկ ահա վերջին մի քանի տարում, հատկապես հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն իսկապես ձգտում է զարգացնել հարաբերությունները բոլոր պետությունների հետ այնտեղ, որտեղ դա օգնում է մեզ կրճատել տնտեսական այն պատերազմի բացասական հետեւանքները, որը մեզ հայտարարել է Արեւմուտքը։

Այսպիսով, հիբրիդայնությունը ձեւավորվում է մեր կապերի աներեւակայելի քանակության հետ միաժամանակ եւ մեր լիակատար ինքնուրույնության, այսինքն՝ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մեր պաշտպանական քաղաքականությունը որոշելու եւ, ի վերջո, մեր գործողությունների համար սեփական պատասխանատվություն  կրելու պայմաններում»,- նշել է փորձագետը։

  • Կիսվել: