շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանի ժողովուրդն աջակցում է Կառավարության՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության հաստատման ռազմավարությանը․ վարչապետ

Հայաստանի ժողովուրդն աջակցում է Կառավարության՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության հաստատման ռազմավարությանը․ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է արտահայտել, որ հանրությունն աջակցում է իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, որն ուղղված է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության հաստատմանը։

Այս մասին Փաշինյանը նշեց հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում: 

Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանի իշխանությունների հասցեին հաճախ հնչում են մեղադրանքներ, թե ինչպե՞ս կարելի է խաղաղության գնալ Թուրքիայի նման երկրի հետ, Վարչապետ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց՝ իսկ ինչի՞ կարելի է գնալ Թուրքիայի նման երկրի հետ։

«Այսինքն, այդ ասողները նկատի ունեն, որ Թուրքիայի հետ պետք է գնալ պատերազմի՞։ Մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչի մասին ենք խոսում»,-զարմանքով ասաց վարչապետը։

Նրա դիտարկմամբ՝ հիբրիդային պատերազմի վտանգն այն է, որ հենց այնպես նետվում են նախադասություններ, որոնք մարդկանց հնարավորություն չեն տալիս նայել և հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։

«Ինչպե՞ս կարող է բանական մարդու մոտ նման ձևակերպում լինել»,-ասաց վարչապետը։

Փաշինյանն, անդրադառնալով խաղաղության հաստատման շուրջ տարբեր երկրների պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարություններին՝ ներառյալ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, առաջարկեց դրանց ավելացնել նաև իր կողմից ասված խոսքերն այն մասին, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։

«Մենք հիմա հենց այդ խոսույթի ու բառապաշարի երկարաժամկետ հաստատման վրա ենք աշխատում և պետք է շարունակենք այդ աշխատանքը։ Եվ ես համարում եմ, որ Հայաստանի ժողովուրդը մեզ աջակցում է այդ հարցում. ոչ թե ենթադրում եմ, այլ համոզված եմ։ Ես կարծում եմ՝ տեղի է ունեցել բացառիկ դեպք, երբ երկրի վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից ժողովրդին ասել է՝ (խմբ. նկատի ունի իր իսկ կողմից Ազգային ժողովում արված հայտարարությունը) «Սա է մեր ռազմավարությունը, ես շարունակելու եմ այս ռազմավարությունը, գնալու եմ այդ ճանապարհով, եթե համաձայն չեք, խնդրում եմ հեղափոխություն արեք»։ Ժողովուրդը մեզ աջակցում է և աջակցելու է, ես դրանում չեմ կասկածում»,-ասաց ՀՀ վարչապետը։

 

  • Կիսվել: