կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևոր հանգրվան է. Դեյվիդ Ֆերանդես Պույանա

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևոր հանգրվան է. Դեյվիդ Ֆերանդես Պույանա

Միավորված ազգերի կազմակերպությունում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Խաղաղության համալսարանի դեսպան և մշտական դիտորդ Դեյվիդ Ֆերնանդես Պույանան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնագրի համաձայնեցումն ու դրա վերաբերյալ բանակցությունների ավարտը կարևոր հանգրվան է համարում: Դեսպանն, այդուհանդերձ, կարծում է, որ խաղաղության հաստատման գլխավոր մարտահրավերը համաձայնագրի դրույթների հետագա պահպանումն է, այլ ոչ միայն փաստաթղթի ստորագրումը:

Դեյվիդ Ֆերնանդես Պույանան նման տեսակետ  արտահայտեց «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում:

Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակից՝ մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող բանակցային գործընթացից՝ նա առաջին հերթին ցանկացավ շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարություններին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման առիթով: 

«Կարծում եմ, որ սա կարևոր հանգրվան է կողմերի միջև 35 տարվա հակամարտություններից հետո: Սակայն գլխավոր մարտահրավերը համաձայնագրի կայունությունն ու դրա դրույթների պահպանումն է հետագայում, քանի որ խոսքը միայն ստորագրման մասին չէ։ Այն մեկնարկային կետում է։ Եվ այդ առումով կողմերը պետք է պատրաստ լինեն զիջումների գնալ։ Բացի այդ, մարտահրավերները շատ հսկայական են»,-ընդգծեց Դեյվիդ Ֆերանդես Պույանան։ 

Նրա դիտարկմամբ՝ խաղաղության հաստատման և կայուն խաղաղության հասնելու գործում մեծ է նաև տնտեսության և առևտրի խաղաղարար դերը: 

«Սա հնարավորություն է, քանի որ դա խաղաղության համաձայնագիր կնքելու հիմնասյուներից մեկն է»,-շեշտեց նա։ 

Անդրադառնալով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա հնարավորություններին՝ Պույանան կարևորեց այդ հարցում վստահության կառուցումը տարածաշրջանի երկրների միջև:  

«Երբ կողմերի միջև վստահություն չկա, մենք խաղաղություն չենք ունենա։ Սա ցանկացած տեսակի խաղաղության շուրջ բանակցային գործընթացի առաջին տարրերից մեկն է։ Ասելով դա՝ կարծում եմ, որ այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է, քանի որ բաց սահմանները, ինչպես նաև ենթակառուցվածքներն ամրապնդում են կողմերի միջև տնտեսական, դիվանագիտական ​​և մշակութային կապերը: Սա հիանալի նախաձեռնություն է, քանի որ կապում է Պարսից ծոցը Սև ծովի, Միջերկրական ծովի և նաև Կասպից ծովի հետ: Սա նորարարական և նաև շատ հավակնոտ նախագիծ է։ Եվ սա, ինչպես ասացի, կայուն խաղաղություն հաստատելու, աշխատատեղեր ստեղծելու, աճ ունենալու, կայունության, խաղաղության և անվտանգության նախապայմաններից մեկն է››,-ընդգծել է դեսպան Դավիդ Ֆերնանդես Պույանան։ 

Գնահատելով Հայաստանի և Խաղաղության համալսարանի միջև համագործակցությունն ու դրա հեռանկարները՝ դեսպանը նկատել է, որ երկկողմ համագործակցությունը շատ արդյունավետ է՝ հատկապես դիվանագիտության ոլորտում կադրերի պատրաստման առումով: 

‹‹Նախևառաջ, պետք է ասեմ, որ Խաղաղության համալսարանը հիմնադրվել է 1980 թվականին Կոստա Ռիկայի կառավարության կողմից խրախուսված ընդհանուր ժողովի կողմից։ Մենք միջկառավարական կազմակերպություն ենք, որը կազմված է 43 անդամ պետություններից, և գլխավոր գրասենյակը գտնվում է Կոստա Ռիկայում: Մենք համագործակցության համաձայնագիր ենք ստորագրել Հայաստանի արտաքին գործերի նախարարության մաս կազմող Դիվանագիտական ​​դպրոցի հետ: Եվ մենք Ժնևում անցած չորս հանդիպումների ընթացքում վերապատրաստել ենք խաղաղության և դիվանագիտության առաջնորդների: Շատ հպարտ ենք, որ այսօր այս համաժողովում երկխոսության մեջ  տեսնում ենք այս շրջանավարտներից շատերին»,-եզրափակեց զրուցակիցը:

 

  • Կիսվել: