Հայաստանի տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»․ Փաշինյան
Համաձա՞յն ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն: Համաձայն ենք հետևյալ հիմնավորմամբ. եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է: Բայց մենք ուզում ենք համոզվենք, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումն Ադրբեջանի համար էլ է նույն բանը նշանակում, ոչ թե Ադրբեջանի մղումն այն է, որ ՄԽ համանախագահությունը լուծարենք, և նոր կոնֆլիկտ սկսենք Հայաստանի տարածքների նկատմամբ՝ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով: Դա նշանակում է խաղաղությո՞ւն: Այդ մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Ադրբեջանին ինչ-որ ձևով դա խանգարում է, որ կոնֆլիկտ ստեղծի, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ խմբի լուծարումը, այսինքն՝ մենք լուծարենք, որ… Եթե դա Ադրբեջանի համար նշանակում է կանաչ լույս Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և խորացնելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը»,- ասաց նա:
Իսկ կա՞ արդյոք հիմք մտածելու, որ կարող է Ադրբեջանը նման մտադրություն ունենալ: Փաշինյանը կարծում է՝ նման հիմքեր կան:
«Հենց Արևմտյան Ադրբեջան խոսույթը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան, այլև համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձևակերպումներ են դրած, որը նշանակում է, որ այդ կազմակերպությունը, ոչ միայն այդ կամակերպությունը, այլև այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունն առնվազն 60 տոկոսով:
Էլի եմ ասում՝ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են»,- ասաց Փաշինյանը և հայտարարեց՝ Հայաստանի տարածքում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան, և այս բառապաշարի ներքո ցանկացած թեմա Հայաստանի համար քննարկելի չէ:
Փաշինյանը միաժամանակ ընդգծեց՝ այս ֆոնին է, որ ՀՀ-ն իրավունք ունի բանակ ունենալու: