չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, ադրբեջանական ուժերը պետք է հետ քաշվեն. ֆրանսիացի սենատոր

Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, ադրբեջանական ուժերը պետք է հետ քաշվեն. ֆրանսիացի սենատոր

2020 թ.-ին ադրբեջանական և հայկական ԶՈւ-ի միջև տեղի ունեցան պատերազմական գործողություններ, 2021 և 2022 թվականներին ևս հրադադարը խախտվեց: Սեպտեմբերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք, ինչը 100-ավոր զոհերի պատճառ դարձավ: Այս մասին Ֆրանսիայի Սենատում՝ Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ժակ Լոնեն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս հարձակումները պատահական միջադեպեր չեն: Կոչ եմ անում քվեարկել այս նախագծի օգտին, օգտագործել միջազգային մեխանիզմները, օրինակ՝ Եվրախորհուրդը, որի անդամ են Հայաստանը և Ադրբեջանը: Այդպիսով կկարողանանք գտնել խաղաղության ճանապարհը:

Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, ադրբեջանական ուժերը պետք է հետ քաշվեն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և Ալմա-Աթայի 1991 թ. Հռչակագրին համապատասխան:

Սենատորը հավելել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները: ՛՛Լեռնային Ղարաբաղը ամենահին հայկական տարածքներից է։ Այսօր այնտեղ վտանգված են հայկական հուշարձանները: Միջազգային հանրությունը և Ֆրանսիան չպետք է լուռ հետևեն այդ հուշարձանների ոչնչացմանը, հայկական մշակույթի վերացմանը՛՛,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:

 

  • Կիսվել: