երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Չինաստանում կայանալիք համերգներով։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, մայիսի 23-ին նվագախումբը հրավիրված է մասնակցելու Շանհայի Չենշան երաժշտական փառատոնին՝ Ասիայում անցկացվող ամենամեծ դասական երաժշտության փառատոնին։ Համերգի ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և հայտնի համաշխարհային դասական գլուխգործոցներ։ Այս տարի լրանում է Խաչատրյանի «Սպարտակ» բալետի 70-ամյակը, այդ առիթով համերգի ծրագրում ներկայացվելու են հատվածներ այս ստեղծագործությունից, ինչպես նաև Խաչատրյանի այլ ստեղծագործություններ:

Փառատոնը յուրաքանչյուր տարի ներգրավում է ավելի քան 10 000 հանդիսատես։ Համերգները հեռարձակվում են առցանց՝ յուրաքանչյուր տարի ունենալով 72 միլիոնից ավելի դիտում։ Փառատոնը լայնորեն լուսաբանվում է միջազգային խոշոր մեդիա հարթակներում:

Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ չինացի դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Քսիանգ-Դոնգ Կոնգը, որը կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Համերգը նպատակ ունի հանրահռչակելու նվագախմբի կատարողական արվեստը և ընդգծելու Խաչատրյանի բացառիկ ներդրումը համաշխարհային երաժշտարվեստում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երկրորդ համերգը կկայանա մայիսի 24-ին Ֆուջիանի մեծ թատրոնում։ Համերգները կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

  • Կիսվել: