ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողով

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողով

Հայաստանի պատվիրակությունը՝ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպել է Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողովի նախագահ Լյուդմիլա Բաբուշկինայի հետ։ Այդ մասին հաղորդում է մարզային օրենսդիր ժողովի մամուլի ծառայությունը։

«Սա մեր առաջին հանդիպումն է: Հուսով եմ, որ այն մեկնարկ կտա երկարաժամկետ համագործակցությանը: Մենք պատրաստ ենք Հայաստանի Հանրապետությունից խորհրդարանականների պատվիրակություն հրավիրել մեզ մոտ: Մենք կարող ենք շատ հարցեր քննարկել, կուտակված փորձի փոխանակում անցկացնել օրինաստեղծման, սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում»,- նշել է Բաբուշկինան։

Նա հիշեցրել է, որ հուլիսին Միջին Ուրալում տեղի կունենա «Իննոպրոմ-2023» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցությունը հետաքրքիր կլինի օտարերկրյա գործընկերների համար»։

Մամուլի ծառայությունում հավելել են, որ Հարությունյանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների հետ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը և միջխորհրդարանական շփումների շրջանակներում փոխգործակցության կազմակերպման պատրաստակամություն է հայտնել։

Հայաստանի Հանրապետության պատվիրակության համար էքսկուրսիա է կազմակերպվել մարզային խորհրդարանի շենքում։ Հյուրերն այցելել են Սվերդլովսկի մարզի Օրենսդիր ժողովի թանգարան և դիտել «Սվերդլովսկի մարզի մունիցիպալ կազմավորումների պաշտոնական խորհրդանիշների» ցուցադրությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողովի փոխնախագահ Վիկտոր Յակիմովը, տարածաշրջանային քաղաքականության և տեղական ինքնակառավարման զարգացման հանձնաժողովի նախագահ Միխայիլ Զուբարևը և Օրենսդիր ժողովի միջխորհրդարանական գործունեության հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Վեգները։

Մայիսի 11-ից մայիսի 16-ը Միջին Ուրալում միջոցառումներ են անցկացվում Հայաստանի օրերի շրջանակներում։

  • Կիսվել: