Հայաստանի պատվիրակները Ռեյկյավիկի միջազգային համաժողովում ներկայացրել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Հայաստանի պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ը մասնակցել է Իսլանդիայում կայացած «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» ամենամյա համաժողովին:
Ֆորումի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Սաուդյան Արաբիայի, Շվեդիայի, Կանադայի և այլ երկրների ներկայացուցիչների հետ:

Պանելային քննարկումների ընթացքում անդրադարձել է եղել կանանց իրավունքներին, իրավահավասարությանը, հակամարտությունների գոտիներում կանանց, երեխաների և տարեցների առջև ծառացած մարտահրավերներին և այլ հարցերի: Համաժողովին ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը դրական արձագանքներ է ստացել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տաթևիկ Գասպարյանն ասաց՝ ֆորումին հիմնական շեշտը դրվել է կոնֆլիկտային տարածաշրջաններում կանանց և երեխաների խոցելիության վրա: «Իմ ելույթը կազմել եմ այդ համատեքստում՝ նշելով, թե ինչ դժվարությունների են հանդիպել կանայք այնպիսի կոնֆլիկտային տարածաշրջաններում, ինչպիսին մերն է, սակայն հիմնական շեշտը դրել եմ ոչ թե հետպատերազմական դժվարությունների վրա, այլ այդ համատեքստում կարևորել եմ խաղաղությունը: Ներկայացրել եմ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,-նշեց նա:
Իր ելույթում Գասպարյանն ընդգծել է, որ չափազանց կարևոր է ընդունել այն եզակի մարտահրավերները, որոնց բախվում են կանայք հակամարտության գոտիներում։ «Այս առումով հատկապես ուզում են նշել իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ներկայացուցչի դիրքորոշումները: Ըստ ամենայնի՝ մենք դիմացանք Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա կործանարար պատերազմին, որի հետևանքներն իրապես խորը և տևական եղան։ Այնուհետև, հարկ եմ համարում խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ինն ամիս ապօրինի շրջափակման մասին, որը սրեց իրավիճակը՝ հանգեցնելով հումանիտար ծանր ճգնաժամի»,-նշել է ՀՀ ԱԺ պատգամավորն ու, անդրադառնալով պատերազմի և հակամարտություններից տուժած տարածքներում կանանց և երեխաների խոցելիության փաստին, հիշեցրել Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ Լեռնային Ղարաբաղում անչափահաս երկու երեխայի՝ Լեոյի և Գիտայի մահվան դեպքը:

Պատգամավորն ընդգծել է, որ շրջափակմանը հաջորդել է սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ հարձակումը և էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղի դեմ։ «Ավելի քան 100 հազար էթնիկ հայեր ստիպված էին լքել իրենց տները և ապաստան փնտրել Հայաստանում։ Այս իրադարձությունները ևս մի անգամ փաստում և կարևորում են միջազգային ուշադրության և աջակցության հրատապ անհրաժեշտությունը՝ հակամարտությունների խորը մարդասիրական հետևանքները լուծելու համար»,-ելույթում ասել է Գասպարյանն ու նշել՝ նպատակ չունի հընթացս անդրադառնալ պատերազմի և հակամարտությունների դժվարություններին, ոչ էլ՝ հետպատերազմյան մարտահրավերներին, փոխարենը ցանկանում է ընդգծել համագործակցության կարևորությունը՝ ձևավորելու աշխարհ, որտեղ մարդիկ, ընտանիքները կարող են բարգավաճել ու զարգանալ:
Խոսելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից՝ ՀՀ ԱԺ պատգամավորը շեշտել է՝ չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական և ագրեսիվ դիրքորոշմանը՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման իր հանձնառությանը: «Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու շեմին ենք։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն այս հանձնառության դրսևորումն է»,-ասել է նա:
Գասպարյանի խոսքով՝ իր ելույթը մեծ արձագանքի է արժանացել: «Սաուդյան Արաբիայի պատվիրակությունից, որը գլխավորում էր նրանց խորհրդարանի՝ Շուրայի փոխխոսնակ Հանան բինտ Աբդուլ Ռահիմ Ալ-Ահմադին, առանձին հանդիպման առաջարկ ստացանք: Ինձ հետ էին նաև Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Լիլիթ Կիրակոսյանը: Շատ կարևորում եմ այդ հանդիպումը: Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները հետաքրքիր փաստեր ներկայացրին իրենց երկրում այն դժվարությունների մասին, որոնց բախվել են: Այնտեղ կանայք առաջին անգամ խորհրդարանում ներկայացվել են 2013 թվականին, և փոխխոսնակն այդ կանանցից մեկն է եղել: Նրանք ընդգծեցին, որ կանայք երկար ժամանակ չէ, որ քաղաքական դաշտում են, սակայն կարծրատիպերն իրենց երկրում արագ են կոտրվել»,-պատմեց Տաթևիկ Գասպարյանն ու հավաստիացրեց, որ փոխխոսնակը մեծ հետաքրքրություն է ցույց տվել «Խաղաղության խաչմերուկ»-ի հանդեպ և ասել, որ շատ կարևորում են հաղորդակցությունն ու Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ակտիվացումը:
Գասպարյանը հայտնեց, որ առանձին հանդիպումներ են ունեցել ոչ միայն Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների, այլև այլ երկրների պատգամավորների, պատվիրակությունների հետ: «Ես շատ արդյունավետ եմ համարում այդ այցը, քանի որ բազմաթիվ համագործակցության առաջարկներ են եղել, որոնք անպայման կյանքի ենք կոչելու»,-եզրափակեց Տաթևիկ Գասպարյանը:




