շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Հայկազյան համալսարանի ներկայացուցիչներին

Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Հայկազյան համալսարանի ներկայացուցիչներին

Բեյրութի Հայկազյան համալսարանի ներկայացուցիչները մարտի 3-ին Հայաստանի պատմության թանգարանում մասնագետների դատին հանձնեցին համալսարանի՝ 2022-ին հրատարակած «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի 42/1 և 42/2 համարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերում ներառված են ուսումնասիրություններ, որոնք իրականացրել են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հետազոտողները:

Համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթեանն ասաց՝ Հայկազյան համալսարանը Լիբանանում պետական ճանաչման արժանացած և ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Այն 1970 թվականից է հրատարակում «Հայկազեան հայագիտական հանդէս»-ների շարքը, որոնցում գերիշխում են պատմությանը, գրականությանն ու մշակույթին նվիրված ուսումնասիրությունները:

«Մենք փորձում ենք ամեն տարի Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում կազմակերպել հանդեսի շնորհանդեսներ, որովհետև մեր աշխատակիցների մեծ մասը նաև Հայաստանից են: Պատահել է՝ շնորհանդես ենք նախաձեռնել նաև Արցախում: Հայագիտությունը մեկ երկրի կամ հաստատության սեփականությունը չէ, այն բաց է բոլորի, հատկապես հայերի համար: Հանդեսների մեծ մասն արևելահայերեն ու արևմտահայերեն են՝ դասական ուղղագրությամբ, սակայն հրատարակվում են հոդվածներ անգլերենով, արաբերենով, ֆրանսերենով ևս: Այդ կերպ մենք կարողանում ենք հայագիտական ուսումնասիրություններում ներգրավվել այն մարդկանց, որոնք օտար լեզվով են իրականացնում իրենց ուսումնասիրությունները»,-շեշտեց Փոլ Հայտոսթեանը:

Նրա խոսքով՝ Հայկազյան համալսարանը 68 տարվա ընթացքում ապացուցել է, որ այն և՛ լիբանանյան, և՛ հայկական, և՛ միջին արևելյան, և՛ համաշխարհային համալսարան է: «Մեր ծրագրերն անգլերեն լեզվով են. բոլոր ազգերի, համայնքների ու տարբեր խմբերի մարդիկ ուսանում եմ համալսարանում: Այսօր 765 ուսանող ունենք, որոնք սովորում են բակալավրում և մագիստրատուրայում: Նրանց 40 տոկոսը հայեր են՝ լիբանանահայեր, սիրիահայեր, Արաբական Միացյալ Էմիրություննրից են, հազվադեպ ուսանողներ ենք ունենում նաև Հայաստանից, Արցախից: Նրանք վստահում են մեր համալսարանի համբավին»,-շեշտեց համալսարանի նախագահը:

Շնորհանդեսից հետո Հայաստանի պատմության թանգարանի և Հայկազյան համալսարանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց:

Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ հուշագրի շրջանակում համատեղ ծրագրեր կիրականացվեն գիտահետազոտական ու կրթական ոլորտներում: «Դա հնարավորություն կտա և՛ համալսարանի դասախոսական, և՛ թանգարանի  գիտական և մշակութային  ոլորտի աշխատակիցների փոխադարձ այցելություններ կազմակերպել, համատեղ հետազոտություններ ու ծրագրեր իրականացնել»,-ասաց Պողոսյանը:

Նա նման համագործակցության լավ սկիզբ համարեց նաև համալսարանի հրատարակած հանդեսների շնորհանդեսների կազմակերպումը թանգարանում:

Ըստ Պողոսյանի՝ դա հնարավորություն կտա հետագայում համագործակցության արդյունքները այլ սփյուռքահայ համայնքներում ներկայացնել, և, բոլորի ջանքերը գիտակրթական բնագավառում համատեղելով, նոր ծրագրեր կյանքի կոչել:

  • Կիսվել: