ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա. ԱԳ փոխնախարար

Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա. ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներրի կոնկրետ ժամկետը չեմ կարող նշել, ըստ երևույթին դա Անվտանգության խորհրդում է քննարկվել, կարծում եմ՝ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Ես կոնկրետ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դա քննարկվել է Անվտանգության խորհրդում։ Կարծում եմ, որ դա եղել է սեպտեմբերյան իրադարձությունների շրջանում։ Որոշում է ընդունվել չանել այդ քայլը և շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Ինչպես գիտեք,  այս աշխատանքները շարունակվում են, և մենք դրա մասին հայտարարել ենք։ Շուտով կլինեն քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված, որի մասին կտեղեկացնենք»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ իրավիճակը բարդ է,  և Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր, ունենալով նաև պարտավորություններ, շարունակում է հույս ունենալ, որ իր քայլերը և աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների։

«Դեռևս այդ հույսը կա»,- ավելացրեց փոխնախարարը։ 

Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովն բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու համար սպասում են Հայաստանի պատասխանին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի իրավիճակի քաղաքական գնահատական: Ինչ-որ պահի այս քննարկումները կարող են նորից վերսկսվել: Այս պահին օրակարգ է բերվել դիտորդների հետ կապված հարցը»:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթը ներառել է սպառազինություն եւ զորք. «Ես այդ հարցին այս պահին չեմ ուզում անդրադառնալ»:

Ինչ վերաբերում է անվտանգության միջազգային նոր երաշխիքների փնտրտուքի, որի մասին հայտարարել է ԱԽ քարտուղարը, Մնացական Սաֆարյանն ասաց. «Մենք ընդհանրապես Հայաստանի անվտանգության հետ կապված բաղադրիչները փորձում ենք առավել զարգացնել բոլոր ուղղություններով: Իսկ կոնկրետ հարցի պատասխանի համար դիմեք ԱԽ քարտուղարին»:

  • Կիսվել: