հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Հայաստանի ոչ ճիշտ քայլերը կհանգեցնեն ՌԴ-ի հետ միասնական պաշտպանական տարածքի անվերադարձելիության. Գալուզին

Հայաստանի ոչ ճիշտ քայլերը կհանգեցնեն ՌԴ-ի հետ միասնական պաշտպանական տարածքի անվերադարձելիության. Գալուզին

Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել համատեղ աշխատանքի վերադարձը Ռուսաստանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է  ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ Երեւանում, ըստ երեւույթին, կցանկանային «օգտվել պահից այն պայմաններում, երբ Արեւմուտքը բարձր հետաքրքրվածություն է ցուցաբերում փոխգործակցության ուժեղացման հարցում, այդ թվում անվտանգության ոլորտում»։

«Սակայն չմտածված որոշումները, որոնք արեւմտականների համար կապահովեն լիակատար թույլտվություն տվյալների ազգային շտեմարանների, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկության հանդեպ, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլեւ կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել համատեղ աշխատանքի վերադարձը՝ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման ուղղությամբ»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Գալուզինը վստահություն է հայտնել, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքին համապատասխանում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերին, ծառայում խաղաղության եւ կայունության պահպանմանը Հարավային Կովկասում։

«Անդամակցությունը կազմակերպությանը, ինչպես նաեւ մեր երկրի հետ սերտ կապերը ռազմական ոլորտում դարձել են անկախ Հայաստանի առաջանցիկ զարգացման առանցքային գործոնը վերջին տասնամյակներում,- նշել է փոխարտգործնախարարը։- Ինչ էլ որ խոստանան արեւմտականները, որոնք ավելի ակտիվ են շողոքորթում Երեւանին, այսօր գործուն այլընտրանք ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ, չկա»։

Այն դեպքում, երբ Ռուսաստանն իրապես շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասում հարեւանների մոտ ամուր խաղաղություն սահմանվի, Արեւմուտքի նպատակները կրում են արմատապես հակադիր բնույթ, փաստել է Գալուզինը։ «Հիմնական խնդիրներից մեկը Եվրասիայում ինտեգրման գործընթացների խափանումն է, մեր ընդհանուր ինտեգրացիոն նախագծերը՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ոսկոր են նրանց կոկորդում,- նշել է արտաքին գործերի փոխնախարարը։- Հանուն այդ նպատակին հասնելու Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները պատրաստ են ցանկացած քայլի, ներառյալ Ռուսաստանին հարեւան պետությունների ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսալան իրավիճակի ապակայունացումը»։

Գալուզինն ավելացրել է, որ Արեւմուտքի համար շահեկան է պահպանել լարվածության օջախները հետխորհրդային տարածքում՝ ՌԴ-ին թուլացնելու նպատակով, որը, ըստ էության, «այստեղ մնում է անվտանգության հիմնական երաշխավորը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: