երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման խայտառակություն, իրավական եւ քաղաքական «բեսպրեդել» չի եղել․ Սաղաթելյան

Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման խայտառակություն, իրավական եւ քաղաքական «բեսպրեդել» չի եղել․ Սաղաթելյան

Այն, ինչ կատարվում է մեր երկրում, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման խայտառակություն, իրավական եւ քաղաքական «բեսպրեդել» չի եղել։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

«Եթե փորձեմ քաղաքական, իրավական տերմիններով բնութագրել կամ գնահատել իրավիճակը, շատ դժվար է։ Մի մարդ, որը կասկածելի ընտրության արդյունքում վերարտադրվել է, փորձում է երկրում հաստատել պարզապես դիկտատուրա։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր կուսակցության ցանկից պատգամավորի թեկնածուներին նման խայտառակ, կեղծ մեղադրանքներով բերման ենթարկել ու կալանավորել։ Այս ամեն ինչը չի կարող լավ ավարտ ունենալ։ Սա բերելու է նոր ճգնաժամի, սա մենք չենք հանդուրժելու, երբեք չենք կարող համակերպվել այս իրավիճակի հետ եւ ասել ենք, որ քաղաքական հետապնդումներից զատ այս ամենն արվում է նաեւ հատուկ նպատակով՝ Սյունիքը թուլացնելու, մեր դիմադրողականությունը կոտրելու ու ցավոտ, նոր զիջումների գնալու համար։ Այս մարդն Ալիեւի հետ պասերով խաղում է»,- ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշեց, որ եթե երկրում չկա Սահմանադրություն, իրավական լուծումներ, ապա «Հայաստան» դաշինքի օգտին ընտրած քաղաքացիները պետք է պայքարեն գործող իշխանության դեմ. «Իրենք նաեւ շատ լավ հասկանում են՝ չի կարող «53 տոկոս» հավաքած իշխանությունն իրեն պահել այսպես։ Իրենք հասկանում են, որ իրենց իշխանությունը ժամանակավոր է եւ փորձում են այս ճանապարհով երկարացնել իրենց իշխանությունը»։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս ապօրինությունների ֆոնին լուռ են նաեւ միջազգային կազմակերպությունները։

  • Կիսվել: