հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի խորացող սոցիալական ճգնաժամի ֆոնին աճում է Թուրքիայից տնտեսական կախվածությունը. Թադեւոս Ավետիսյան

Հայաստանի խորացող սոցիալական ճգնաժամի ֆոնին աճում է Թուրքիայից տնտեսական կախվածությունը. Թադեւոս Ավետիսյան

Վերջին մեկ տարին Հայաստանում միջին եկամուտների աճից շուրջ 25 տոկոսով բարձր չափով ավելանում են մարդկանց նվազագույն կենսական ապահովման ծախսերը։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Նա նաեւ նշել է. «Իսկ ամենահատկանշականն այն է, որ ահագնացող գնաճի այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների եկամուտներն ընդհանրապես չեն աճում՝ հիմնական կենսաթոշակի, աղքատության նպաստի, նվազագույն աշխատավարձի չափեր և այլն։ Կյանքի առաջանցիկ թանկացման հետևանքները չեն ուշանում՝ քաղաքացիների իրական եկամուտների նվազում, կյանքի միջին որակի անկում, աղքատության մակարդակի աճ։ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում միայն վերջին երեք ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով, ընտանիքների 56 տոկոսին սնունդը հազիվ է բավարարում, իսկ 21 տոկոսն ապահովված չէ սննդով։ Նախորդ միայն մեկ տարվա ընթացքում մեկ մարդու կյանքը միջին հաշվով թանկացել է ամսական շուրջ 15 հազար դրամով։ 

Նախորդ մեկ տարում գրանցվել է առաջին անհրաժեշտության ապրանքների շուրջ 30 տոկոս գնաճ, որն ունի շարունակական ավելացման բնույթ։ Օրինակ․ այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ հացը թանկացել է 20 տոկոսով, մակարոնեղենը՝ 30 տոկոսով, բանջարեղենը՝ 46 տոկոսով, կարտոֆիլը՝ 145 տոկոսով, տավարի միսը՝ 18 տոկոսով, պանիրը՝ 25,5 տոկոսով, կոմունալ ծառայությունները՝ միջինը 5 տոկոսով, գյուղատնտեսական նշանակություն ունեցող ապրանքներից դիզվառելիքը՝ 45 տոկոսով, պարարտանյութը՝ 3-3,5 անգամ։ Կարծում եմ օրվա իշխանությունների համար առավել հատկանշական օրինակ է խառը կանաչին, որի գնաճը իրենց օրոք ևս բարձր է՝ 43 տոկոս։ Ազգային արժույթի արժևորումը հաշվի առնելով՝ իրական գնաճը պատկերացնելու համար անհրաժեշտ է այս չուցանիշներին ավելացնել ևս շուրջ 20 տոկոս։

Մյուս կոզմից, անվիճելի փաստ է․ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ մասնակից բոլոր երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկ երկրի նախապայմաններով և շահի պարտադրանքով։

Ակնհայտ է նաև՝ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը ունենալով ռազմական հաջողություններ ու դոմինանտություն՝ հիմա էլ «ապաշրջափակման» քողի տակ են մեզ պարտադրում իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլի իրականացումը։

Սա ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար։ Թուրքիան այլ երկրների նկատմամբ ևս ակտիվորեն իրականացնում է տնտեսական ներխուժման քաղաքականություն։ Առկա են դրա հաջողված բազմաթիվ օրինակներ՝ տնտեսական մեթոդներով քաղաքական կախվածության խորացում և ռիսկերի ավելացում, տնտեսական անվտանգությանը պատճառված անդառնալի հետևանքներ և ինքնուրույնության նվազում։

Այս «հեռանկարի» որոշակի պատկեր արդեն ուրվագծվում է․ Հայաստանը դառնում է թուրքական ապրանքների իրացման շուկա՝ մեծացնելով սեփական տնտեսական համակարգի կրավորականությունը։ Այսպիսով նաև՝ Հայաստանը կորցնելու է տարածաշրջանում իր համեմատական տնտեսական առավելություններն ու հետաքրքրությունը, աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու հնարավորությունը։

Հաջորդը՝ Հայաստան-Թուրքիա արտաքին առևտրում ընդգծված կերպով խորանում են անբարենպաստ միտումները մեր երկրի տեսանկյունից։

Մասնավորապես, 2010-2019 թվականներին Հայաստանը Թուրքիայից տարեկան միջինը ներմուծել է շուրջ 215 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ արտահանել է ընդամենը 1,3 ԱՄՆ դոլարի ապրանք։ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանը ներմուծել է 268 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, որը նախորդ 10 տարիներին ունեցել է կայուն աճի միտում։ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի տարում Թուրքիայից ներմուծման ծավալները գրեթե պահպանվել են։ 2021 թվականին՝ նույնիսկ ներմուծման արգելքի պայմաններում, Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 73 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, որը կազմում է նախորդ 10-ը տարիների ներմուծման միջին ծավալի գրեթե 1/3-ը։

Արգելքը հանելուց հետո՝ 2022 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է Թուրքիայից ներմուծման թռիչքաձև աճ, մասնավորապես․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 10 անգամ, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 4 անգամ։

Հայաստանի ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը կազմում է ավելի քան 5 տոկոս, որն ունի առաջանցիկ աճի միտում։ Իսկ դեպի Թուրքիա արտահանումը Հայաստանի արտահանման կառուցվածքում գրեթե զրոյական է՝ 0,1 տոկոս, որն էլ ունի նվազման միտում։

2022 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայից ներմուծումը շուրջ 240 անգամ գերազանցել է դեպի Թուրքիա Հայաստանի արտահանման ծավալները։ Եվ Հայաստանի համար անբարենպաստ այս ցուցանիշը նախորդ չորս տարիներին էապես վատթարացել է։ Օրինակ՝ 2019 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայից ներմուծումը 65 անգամ է գերազանցել դեպի այդ երկիր Հայաստանի արտահանման ծավալները։

Թուրքիայից ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինելու նպատակադրումը կունենար ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ ստեղծելով իրական նախադրյալներ մեր երկրի տնտեսական կայուն և առաջանցիկ աճի համար։ Ի դեպ, օրվա իշխանություններն այս նպատակադրումը ողջ ուժով հիմնավորում և պաշտպանում էին 2020 թվականի հոկտեմբերին, երբ արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումը։

Փաստորեն․ թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմի սպառնալիքը դարձրել է ստեղծված իրավիճակում Հայաստանից առավելագույնը կորզելու և արդեն տնտեսական ու դիվանագիտական ոլորտներում ազգային շահերը միակողմանիորեն զիջելու պարտադրանք։

Հայաստանի օրվա իշխանություններն էլ երկրի տնտեսական ռազմավարական շահերի զիջումն իրականացնում են ապաշրջափակման կեղծ քողի տակ՝ դրա դիմաց ակնկալելով կարճաժամկետ տնտեսական օգուտներ իրենց շրջապատի օլիգարխների համար գերշահույթների տեսքով։

  • Կիսվել: